Մատչելիության հղումներ

Ավելի քան 264 զոհ եւ 1300 վիրավոր՝ սրանք են Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները ըստ պաշտոնական Անկարայի:

Մի քանի ժամ առաջ երկրաշարժի պատճառած վնասների մասին խոսեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Նաիմ Շահինը: Նրա խոսքով, այժմ թուրքական կառավարությունն իր հիմնական ուժերը կենտրոնացնում է զուգահեռաբար երկու խնդիրների լուծման վրա՝ փրկարարական աշխատանքներ եւ անօթեւաններին ժամանակավոր ապաստանի տրամադրում:

«Մենք այժմ անում ենք ամեն ինչ մեր քաղաքացիների համար ժամանակավոր կացարաններ ստեղծելու ուղղությամբ: Այժմ մենք գտնվում ենք քաղաքային մարզադաշտում, որտեղ շուտով 100 վրանից բաղկացած ժամանակավոր ավան կստեղծվի», - նշում էր թուրք նախարարը։

Ինչ վերաբերում է փրկարարական աշխատանքներին, ապա այստեղ թուրքական իշխանությունները կարծես որոշել են բավարարվել սեփական ուժերով՝ այլ պետությունների ներգրավվածությունը նվազագույնի հասցնելով: Դա պարզ դարձավ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վանում կայացած ասուլիսի ժամանակ:

«Եթե անհրաժեշտ լինի, մենք կդիմենք այլ երկրների օգնությանը: Այժմ միայն Ադրբեջանից, Իրանից եւ Բուլղարիայից ժամանած խմբերն են աշխատում աղետի գոտում», - հայտարարեց թուրքական կառավարության ղեկավարը:

Ակնհայտ է, որ թուրքական կողմն առանձնապես մեծ ոգեւորությամբ չի վերաբերվում այլ պետությունների ներկայացուցիչների՝ փրկարարական աշխատանքներին մասնակցելու գաղափարին։ Այսօր առավոտյան Երուսաղեմում Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց, թե Թուրքիան մերժել է Իսրայելի՝ աղետի գոտի փրկարարներ ուղարկելու առաջարկը: Անկարան չի ընդունել նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Եվրամիության ու ՄԱԿ-ի առաջարկները՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով օգնության ձեռք մեկնելու համար:

Վանից ստացվող տեղեկությունները, սակայն, վկայում են, որ այստեղ աշխատող 1200 փրկարարների եւ նրանց միացած բանակային ստորաբաժանումների ուժերը չեն բավարարում: Այս մասին են վկայում նախեւառաջ Վանի բնակիչները:

«Իրավիճակն իրոք շատ վատ է: Մեր բարեկամներից ու հարազատներից շատերը շարունակում են մնալ փլատակների տակ: Նրանցից որեւէ մեկից մենք տեղեկություն չունենք», - Reuters գործակալությանը ասել է նրանցից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG