Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլի» կազմակերպիչը հայերի՝ Բաքու գնալու մասին


Երեւանում կայանալիք մանկական «Եվրատեսիլ»-ի ղեկավար Սիթսե Բաքերը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին

Երեւանում կայանալիք մանկական «Եվրատեսիլ»-ի ղեկավար Սիթսե Բաքերը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին

Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված հարաբերությունները` Հայաստանում դեռ քննարկվում է՝ գնալ, թե չգնալ Բաքու այս տարվա մայիսին այնտեղ կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար:

2012 թվականի «Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքների գծով ղեկավար եւ այս տարվա՝ Երեւանում կայանալիք մանկական «Եվրատեսիլ»-ի ղեկավար Սիթսե Բաքերը մեզ հետ զրույցում այն հարցին, թե ինչպե՞ս կարող է հավաստիացնել հայ ունկնդիրներին, որ հայկական պատվիրակությունը եւ հայ մասնակիցը ապահով կլինեն Բաքվում «Եվրատեսիլի» ժամանակ, պատասխանեց, - «Մենք խնդրել ենք ադրբեջանական համապատասխան մարմիններին մեզ տրամադրել անվտանգության երաշխիքներ բոլոր մասնակից պատվիրակություններին եւ դա իհարկե վերաբերում է նաեւ հայկական պատվիրակությանը: Իսկ եթե հայերն ունեն ինչ-որ հատուկ խնդրանքներ կամ պահանջներ, լավ կլիներ դիմեին մեզ եւ քննարկեին դրանք, բայց Ադրբեջանի վարչապետից ստացված այդ երաշխիքներն արդեն ներառում են անվտանգության հիմնական սկզբունքները»:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի այն հարցին, թե եթե հնարավորություն ունենար, ի՞նչ կասեր հայկական պատվիրակությանը եւ ադրբեջանական իշխանություններին, Սիթսե Բաքերն արձագանքեց. - «Ես կասեի, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը շատ մեծ ու հրաշալի իրադարձություն է, որը միավորում է մոտ 40 երկրների: Մրցույթը քաղաքական չէ, երբեւէ նման նպատակադրում չի ունեցել եւ չպետք է լինի, որն էլ այս իրադարձության հաջողության մի մասն է կազմում: Հուսով եմ, որ «Եվրատեսիլի» տանիքի տակ մյուս տարի մայիսին բոլորը կկարողանան վայելել եվրոպական երկրների խաղաղասեր ոգին, որոնք միավորվում են, որ մեծ երգի մրցույթ կազմակերպեն, եւ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը այդ մեծ ընտանիքի մի մասն են կազմում»:

2007 թվականին Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած երգիչ Հայկոն «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում եւս կիսվեց իր կարծիքով այս հարցի շուրջ:

«Իմ կարծիքով այստեղ ինչ-որ հերոսություն չկա: Եթե լինեն անվտանգության երաշխիքներ երկու կողմից էլ, ոչ միայն Ադրբեջանի, այլեւ «EBU»-ի (European Broadcasting Union) կողմից, կարելի է մտածել եւ գնալ: Եւ իհարկե ուղարկել որակով երգիչ, բայց համոզված չլինելով, թե այնտեղ ամեն ինչ լավ կլինի, թե ոչ, կարող ենք նաեւ բոյկոտել», - նշեց երգիչը։

Համերգի ընթացքում հնարավոր է լինեն սուլոցներ, փորձեր հայկական պատվիրակության համար շփոթեցնող իրավիճակ ստեղծել: Որպես կազմակերպչական աշխատանքների գծով ղեկավար, այս կապակցությամբ ի՞նչ է պատրաստվում անել Սիթսե Բաքերը հարցին վերջինս պատասխանեց․ - «Իհարկե մենք հաշվի ենք առել, որ դա հնարավոր է, բայց այս հարցում էլ պետք է իրատես լինենք: «Եվրատեսիլի» ժամանակ մենք ունենք մոտ հարյուր միլիոն հանդիսատես, եւ նրանց գործն է երգը դատելը եւ հանդիսատեսի արձագանքը մեկնաբանելը: Նաեւ պետք է հաշվի առնենք, որ շատ եվրոպացի երկրպագուներ են գալու եւ նրանք բեմի առջեւ են լինելու եւ աջակցելու են մեր դիրքորոշումն առ այն, որ որ այս իրադարձությունը չպետք է քաղաքականացվի»:

XS
SM
MD
LG