Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում մոտ 4000 երեխա ապրում է մանկատներում եւ գիշերօթիկ դպրոցներում: Նրանց ավելի քան 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող:

Մանկատները եւ հատուկ գիշերօթիկ դպրոցները համապատասխան վայր չեն երեխաների ապրելու համար․ ընտանիքը երեխայի լավագույն տեղն է։ Սա է «Երեխան պետք Է ապրի ընտանիքում» տեղեկատվական արշավի հիմնական գաղափարն ու նպատակը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ արշավն այժմ անց է կացվում Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:

Ըստ նրա` մենք այսօր մանկատներին այլընտրանք ունենք` խնամատար ընտանիքներ: Այսօր Հայաստանում կա խնամատար 22 ընտանիք, որտեղ ապրում է 23 երեխա:Այս համակարգը ներդրվել է 2005 թվականին, սակայն միչեւ օրս ընտանիքների թիվը չի ավելացել, քանի որ կառավարությունը միջոցներ չի տրամադրում նրանց թիվն ու ծրագիրն ընդլայնելու համար:

«Եթե այն ռեսուրսները, որոնք այսօրվա դրությամբ տրամադրվում են մանկատներին (իսկ այդ գումարը յուրաքանչյուր երեխայի համար կազմում է մոտ 3,600 դոլար) ուղղորդվեին, որպեսզի աջակցեինք այն խոցելի ընտանիքներին, որոնք չեն կարող հոգալ իրենց երեխաների կարիքները, պատկերը շատ հնարավոր է՝ փոխվեր: Դա միանգամայն իրականանալի է», - ասաց Սահակյանը:

Արշավի շրջանակներում Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն արդեն երկու տարի է ներդրել է «Ես ունեմ իրավունքներ» անվանակարգը, որտեղ ներկայացված ֆիլմերը պատմում են երեխաների իրավունքների մասին:

Որպես կոչ` ամեն տարի հնչում է որեւէ հանրաճանաչ մարդու խոսքը:

Այս տարի այդ նպատակով Հայաստան է ժամանել լատվիացի դերասան Իվար Կալնինշն իր ընտանիքով:

Մոտ 60 ֆիլմերում նկարահաանված դերասանն առաջին անգամ է Հայաստանում: Նա ասաց, որ նույն խնդիրն առկա է նաեւ Լատվիայում, այնտեղ եւս կան մանկատներում մեծացող երեխաներ։

«Երեխաները պետք է ծնվեն միմյանց սիրող ընտնիքում, իսկ եթե սեր չկա, պարզապես պետք է պաշտպանվել, որպեսզի հետո երեխան չտուժի: Ես գիտեմ երկրներ, որտեղ ընդհանրապես չկան մանկատներ, դրանցից է Շվեյցարիան: Այնտեղ մարդիկ հերթ են կանգնում, որպեսզի որդեգրեն ծնողների կողմից լքված երեխային: Շատ բարդ խնդիր է, այս մասին յուրաքանչյուր երկրի կառավարություն պետք է շատ լուրջ մտածի», - նշեց դերասանը՝ համոզմունք հայտնելով, որ պետությունը պետք է մտածի հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների մասին, որպեսզի երեխաները մանկատանը հայտնվելու վտանգի առաջ չկանգնեն:
XS
SM
MD
LG