Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Հայաստանի նախագահի պետական այցը Ռուսաստան


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պետական այցով ժամանել է Մոսկվա:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության եւ օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի եւ մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները:

Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն զբաղեցնում է 1.32 հա տարածք: Հաստատված նոր նախագծով բուն շինարարական աշխատաքներն սկսվել են 2006 թվականից: Համալիրն ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական եւ հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` վարդագույն տուֆով` բերված Անի քաղաքից: Համալիրի զարդը տուֆակերտ Մայր Տաճարն է` գոտեւորված խաչերով, զարդաքանդակներով, մեսրոպատառ գրերով:

Պետական այցի առաջին օրը Հայաստանի նախագահը այցելել է նաեւ «Էսթետ» ոսկերչական տուն: Շրջայցի ընթացքում «Էսթետ» ոսկերչական տան հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Գեւորգյանը, ով նաեւ Հայ ոսկերիչների միության նախագահն է, Սերժ Սարգսյանին ներկայացրել է դեռեւս 1991 թվականին հիմնադրված եւ անցած երկու տասնամյակների ընթացքում մեծ հաջողությունների հասած ոսկերչական տան աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Նախագահի այցը Ռուսաստան շարունակվում է նախատեսված ծրագրին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG