Մատչելիության հղումներ

Վարչապետը կարեւորում է հայ տնտեսագետների համախմբումը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Երեւանի պետհամալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը:

«Կարծում եմ՝ սա կարեւոր փորձ է համախմբելու աշխարհի տարբեր համալսարաններում հետազոտություններ իրականացնող հայ տնտեսագետներին, ձեւավորել հայկական տնտեսագիտական մտքին հետաքրքրող թեմաներն ու հարցերը՝ մեզ մտահոգող տնտեսական խնդիրների շուրջ հետազոտական աշխատանքներ ու քննարկումներ ծավալելու համար: Այդ առումով, կարեւոր է ունենալ մի հարթակ, որտեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կձեւավորվեն լուրջ եզրակացություններ ու առաջարկություններ», - ասել է Տիգրան Սարգսյանը` հավելելով. - «Կառավարությունը շահագրգռված է այսպիսի հարթակի հետ համագործակցության համար, քանի որ այսօր գործադիրի առջեւ ծառացած են լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ, որոնց լուծումներն առաջին հերթին պահանջում են մասնագիտական մոտեցումներ»:

Այնուհետեւ վարչապետը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում առկա միտումները: Նշելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռեւս պատրաստ չեն հստակ ձեւակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձեւավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները, Տիգրան Սարգսյանը ասել է, որ այդ առումով անհրաժեշտ է միասնական կերպով քննարկել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ հնարավոր ռիսկերն ու խնդիրները լուծելու համար: «Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար», - ասել է նա։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` գիտաժողովին մասնակցում են տնտեսագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG