Մատչելիության հղումներ

Հայաստանը արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի պարալիմպիկ խաղերում


Ծանրամարտի մրցումներ, արխիվային լուսանկար
Ծանրամարտի մրցումներ, արխիվային լուսանկար

Հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել են շուրջ 25 երկրների մարզիկներ: Հայաստանը ներկայացնող Գրետա Վարդանյանը մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` արժանանալով արծաթե մեդալի:

Հոկտեմբերի 13-20-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Խորֆական քաղաքում կայացած ծանրամարտի 3-րդ միջազգային առաջնությանը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ներկայացել էր երկու մարզիկներով` գյումրեցի Գրետա Վարդանյանը եւ ոսկեվազցի Սամվել Ասատրյանը:

Ուրբաթ օրը Հայաստանը ներկայացրած մարզիկներին օդակայանում դիմավորեցին նրանց հարազատները, ընկերներն ու երկրպագուները:

«Երազում եմ պարալիմպիկ չեմպիոն դառնալ, որի համար շատ եմ աշխատում, մարզվում, շատ մեծ ակնկալիքներ ունեմ ու անհամբեր սպասում եմ Դուբայ մեկնելուն », - մեկնելուց առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Գրետան:

Հայաստանը պարալիմպիկ խաղերին մասնակցում է 1996-ից, մինչեւ այժմ խաղերին մասնակցել է 11 հայ մարզիկ` ներկայացնելով առագաստանավային, հաշմանդամային ծանրամարտ, լող, թեթեւ ատլետիկա, լեռնադահուկային մարզաձեւերը:

25-ամյա Գրետան, զրկվելով երկու ոտքերից, հաշմանդամ է դարձել 1988-ի երկրաշարժի հետեւանքով, սակայն հաղթահարելով մի շարք դժվարություններ` արդեն վեց տարի զբաղվում է հաշմանդամային ծանրամարտով:

Գրետան նշեց. - «Իմ հաղթանակը նվիրում եմ մեկամյա դստերս: Ընտանիքին ամբողջովին կնվիրվեմ օլիմպիական խաղերին հաջողություն գրանցելուց հետո, իսկ մինչ այդ շարունակելու եմ մարզումներս: Ինչպես յուրաքանչյուր մարզիկի համար, ինձ համար էլ ամենամեծ նվաճումը կլինի օլիմպիական ոսկին »:

Մրցումներում Սամվել Ասատրյանի ընդհանուր արդյունքը 140 կիլոգրամ է եղել: Նա տղամարդկանց մրցաշարում ցույց տվել է 5-րդ արդյունքը: Սամվել Ասատրյանը հաշմանդամություն է ստացել 1997 թվականին զինվորական ծառայության ժամանակ` ականի պայթյունի հետեւանքով: Զբաղվում է անվաթոռային բասկետբոլով, իսկ ծանրամարտով զբաղվում է երեք ամիս:

please wait

No media source currently available

0:00 0:06:05 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG