Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 22-ի մամուլ


«Երկիր»-ի խմբագիրը գրում է. - «Մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունները մնում է ընդամենը մոտ կես տարի, սակայն քաղաքական դաշտում հերթական «ինտրիգն» է դրվել շրջանառության մեջ։ Իշխանություն - ՀԱԿ երկխոսությունը կկայանա, չի կայանա հարցից քաղաքական եւ դրան մերձ շրջանակները սահուն անցում կատարեցին եւ սկսեցին ակտիվորեն քննարկել ՀՀԿ - ԲՀԿ իրական, կամ հորինովի հակասությունները։ Եվ մեր սերիալասեր ժողովուրդն էլ կարծես կլանված հետեւում է քաղաքական այս սցենարի զարգացումներին, մոռանալով, որ մի քանի ամիս անց «խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառման ժամանակ որոշվելու է իր, իր ընտանիքի եւ մերձավորների համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցի պատասխանը` ո՞ր ուժի ներկայացրած ծրագիրն ու մոտեցումներն են իրատեսական, ո՞ր կուսակցության անցած ճանապարհն ու կադրային ներուժն է ավելի վստահություն ներշնչում, եւ ո՞ր կազմակերպությունն է, որ ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը, կկարողանա Հայաստանը դուրս բերել այն տեղապտույտից, որում հայտնվել ենք արդեն մի քանի տարի»։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը երեկ դիմել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին. - «Խոսվում էր, որ ՀՀԿ-ում սպասում էին` դուք ՀՀ վերադառնաք, նոր ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու հարցին անդրադառնան»։ Պատասխան. - «Այդպիսի հարց չենք քննարկելու։ Մեր թիմում, նաեւ` Բարգավաճում եւ քաղաքական դաշտում շատ-շատ մարդիկ կան, որ ուզում են, որ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի մեջ լինի ինչ-որ անհամաձայնություն, տարաձայնություն, պրոբլեմներ։ Դա հասկանալի է, որովհետեւ եթե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն բաժանվեն, շատ անարժան մարդկանց կարեւորությունը կմեծանա»։ «Հիմա որեւէ լուրջ բան չկա։ Եթե լինի, ինչ է պատահել, քաղաքական ուժեր են, իրենք առանձին կգնան ընտրությունների, մենք` առանձին, կամ միասին կգնանք, այդ ամենը կերեւա այն գործընթացների ընթացքում, երբ մոտենան ԱԺ ընտրությունները, մենք հաստատ որոշում կկայացնենք։ Ոչ մի տարբերակ չի կարելի բացառել քաղաքականության մեջ», - ասել է Աբրահամյանը։

«Ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մինչ հայ հասարակությունն ու մեդիադաշտը զբաղված են ՀՀԿ - ԲՀԿ հարաբերությունների պարզաբանման հերթական ալիքով, Հայաստանի տնտեսության ոլորտում իսկապես հասունանում է մի մեծ ցունամի` գալիք տարվա բյուջեում հարկային եկամուտների ծավալի 101 միլիարդով ավելացման տեսքով։ Ընդհանրապես, որեւէ այլ երկրում այդօրինակ հարկային ծավալի ավելացումը, այն էլ` հետճգնաժամային տարում, կբերեր չափազանց մեծ քննարկումների, հատկապես բիզնես միջավայրում, թեեւ սոցիալական առումով էլ այստեղ լուրջ խնդիր կա, եւ միայն բիզնեսմենները չէ, որ պետք է անհանգստանան աննախադեպ ծավալի այդ աճից։ Սակայն Հայաստանում այդ խնդիրը կարծես թե չի արժանանում բավարար ուշադրության»։

«Հրապարակ»-ը գրում է. - «Մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է` ասում է հայկական ասացվածքը։ Բայց հայաստանյան իշխանությունները կարծես թե այս ասացվածքին այնքան էլ չեն հավատում։ Նրանք նախընտրում են հեռավոր ռուսների բարեկամությունը մոտակա վրացիների հարեւանությունից։ Իրենք` վրացիներն էլ, անկեղծ ասած, մի տեսակ կարգին հարեւանություն չեն անում. մեկ եկեղեցիների հարցն է կանգնում մեր երկու պետությունների միջեւ, մեկ էլ` Այրումի աղետալի սողանքի հետ կապված են անտակտ հայտարարություն անում։ Թերեւս դա է պատճառը, որ մեր երկրի ղեկավարը հաճույքով մեկնում է Մոսկվա եւ անսպասելի հրաժարվում Թբիլիսի կատարելիք այցից»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանում սովորաբար ցանկացած (պետական թե մասնավոր) գործատուի եւ վարձու աշխատողի հարաբերությունները հիմնված են տիրոջ եւ ծառայի ֆեոդալական սկզբունքի վրա։ Եթե աշխատողը գալիս է «շեֆի» մոտ եւ փորձում ապացուցել, որ նա արժանի է ավելի բարձր աշխատավարձի, դա խիստ զայրացնում է գործատուին, եւ նրա պատասխանը, որպես օրենք, լինում է այսպիսին` «դուրդ չի գալիս, թող գնա, ես մի րոպեում քո պաշտոնի համար տասը հոգի կգտնեմ»։ Եվ շատ տեղերում դա «արդարացված» մոտեցում է. աշխատաշուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկին։ Բայց կան դեպքեր, երբ մարդկանց մասնագիտությունը յուրահատուկ է, եւ այդ բնագավառներում կադրային պաշարներ չկան։ Հայկական ատոմակայանում նման անփոխարինելի մասնագետները շատ են, ուստի եւ էներգետիկայի նախարարի եւ ՀԱԷԿ-ի տնօրենի «ավանդական» հայկական մոտեցումը տեղին չէ»։ «Բնականաբար, չինովնիկների այդ անբացատրելի կամակորության պատճառով Հայաստանի բնակչությունը ստիպված կլինի օգտվել հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայից, որն էապես ավելի թանկ է։ Էլ չենք ասում, որ մենք այլեւս հնարավորություն չենք ունենա էլեկտրաէներգիա վաճառել Վրաստանին` այդպիսով ընկնելով մեր հարեւաններից միակողմանի կախվածության մեջ։ Ոլորտի պատասխանատուները պետք է կշռադատեն` ի՞նչն է ավելի կարեւոր` սեփական սկզբունքայնությո՞ւնը, թե՞ պետության եւ բնակչության կրած հսկայական վնասները», - ընդգծում է խմբագիրը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG