Մատչելիության հղումներ

Կմեկնարկի «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը


Մանկական թատերախմբի ներկայացում, արխիվային լուսանկար
Մանկական թատերախմբի ներկայացում, արխիվային լուսանկար

Այս տարի դպրոցահասակները հնարավորություն կունենան դիտել 35 թատերական խմբերի բեմադրություններ` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Իրանի, Վրաստանի, ինչպես նաեւ Բուլղարիայի պատանիների ներկայացմամբ: «Նռան հատիկ» 11-րդ մանկապատանեկան փառատոնը Երեւանում կանցկացվի 5 օր` հոկտեմբերի 24-29-ը:

Բուլղարիայի թատերական խումբը առաջին անգամ է ներկայանալու հայ հանդիսատեսին:

Փառատոնի մասնակիցները ազգությամբ հայեր են, բացառությամբ Վրաստանի թատերախմբի, որն ինքն է առաջարկել մասնակցել փառատոնին եւ ներկայանալու է «Կրկես» ներկայացմամբ:

«Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնի շրջանակներում հանդիսատեսը կարող է դիտել բեմադրություններ Թումանյանից, Մոլիերից:

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գագիկ Ղազարյանը նշեց. - «Մեր նպատակն այն չէ, որ այդ երեխաները վերջում դառնան դերասաններ, այլ որ լինեն ճիշտ հանդիսատես»:

Փառատոնը հոկտեմբերի 24-29-ը անցկացնելը պատահական չէ, քանի որ դպրոցներում աշնանային արձակուրդներ են: Մանկական թատերական խմբերի մեծ մասը մշտական մասնակիցներն են, որ ամեն տարի ներկայանում են իրենց նոր բեմականացումներով:

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի փոխնախագահ Արուսյակ Մանթաշյանը պատմեց, որ երեխաները վարպետությամբ ներկայանում են նաեւ արեւմտահայերենով:

Այս տարի փառատոնը երեք բեմահարթակներից է ներկայանալու հանդիսատեսին: Փառատոնի ողջ ընթացքում օրը մի քանի անգամ ներկայացումներ կցուցադրվեն Մետրո թատրոնում, երեք օր` Շիրակացու անվան ճեմարանի դահլիճում, եւ մեկ օր` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ ցուցադրվելու է իրանահայ «Թղթե թատրոն» թատերախմբի «Նոր Ձմեռ պապ» մոնոներկայացումը:

Փառատոնի եւ թատերախմբերի հետ կապված բոլոր խնդիրները լուծվում են նվիրվածությամբ:

Էջմիածնի խմբի ղեկավար Գեւորգ Բաբախանյանի խոսքերով` «եթե կա նվիրում, կլինի նաեւ խնդիրների լուծումը»: Նրա վկայությամբ` պատանիները մեծ ոգեւորությամբ եւ սպասումով են պատրաստվում այս փառատոնին:

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանը նշում է, որ ապագա սերնդի դաստիարակության հարցում հայերիս մոտ միշտ մեծ տեղ է զբաղեցրել թատրոնը եւ թատերական կրթությունը:

please wait

No media source currently available

0:00 0:06:13 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG