Մատչելիության հղումներ

Սուր փսիխոզով հոսպիտալացված զինծառայողի գործով ձերբակալվել են սերժանտ եւ շարքային


Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով երեկ որպես կասկածյալներ ձերբակալվել են նույն զորամասի եւս երկու ժամկետային զինծառայողներ։

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը ձերբակալվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով` «Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ», շարքային Մովսես Աշոտի Բադալյանը` Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով` «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով»:

Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատիժը կալանքն է՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելը՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկումը՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ավելի վաղ հաղորդվել էր հիշյալ գործով նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանի ձերբակալության մասին` նույնպես Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG