Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ


ՀՀ պաշտպանության նախարարության շենքը

ՀՀ պաշտպանության նախարարության շենքը

Պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը այսօր մոտ 3 ժամ տեւողությամբ հանդիպում է ունեցել «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամների հետ։

Պաշտպանության նախարարության շենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են բանակում առկա խնդիրները, այդ թվում՝զինծառայողների շարունակվող մահացության, սպանությունների դեպքերը։

Հանդիպումից հետո «Բանակն իրականում» խմբի անդամները հայտարարեցին, թե բավարարված են հանդիպումից, քանի որ Դավիթ Տոնոյանը նշել է, որ ներկայումս նոր քայլեր են ձեռնարկվում, որոնք ուղղված են լինելու նշված, եւ բանակին առնչվող այլ խնդիրների լուծմանը։

«Բավականին նորմալ քննարկում էր, գրեթե բոլոր հարցերին անդրադարձ եղավ։ Պատրաստակամության տպավորություն ստեղծվել է․ որ պաշտպանության առաջին փոխնախարարը պատրաստակամ է եւ հարցերի հետ կապված քննարկումներ եղել են։ Բայց թե դա գործնականում ինչպես կլինի՝ կտեսնենք առաջիկայում», - հանդիպումից հետո ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, թե հանդիպմանը պաշտպանության առաջին փոխնախարարը ներկայացրեց օրենսդրական մի շարք փոփոխությունների, համակարգն ավելի թափանցիկ դարձնելու հետ կապված մտքեր։

«Մենք, իհարկե, վերստին ասացինք, որ ցանկացած փոփոխության վերաբերյալ հանրությունը կարող է ունենալ վստահություն, եթե դրանք կլինեն հրապարակային եւ արդյունավետ։ Բայց մեր մտահոգությունը, իհարկե, հիմնականում հետեւյալն է, որ իրավիճակը, որը տիրում է եւ հանգեցնում է մարդկային զոհերի, մեզ մտահոգում է, եւ այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք շատ ավելի արդյունավետ քայլեր», - շարունակեց Արթուր Սաքունցը՝ հավելելով, թե Դավիթ Տոնոյանը ասել է, որ պաշտպանության նախարարությունը ցանկանում է որոշակի քայլեր իրականացնել եւ անհրաժեշտ է սպասել այդ քայլերին։

«Բանակն իրականում» խմբի անդամները բարձրացրել են նաեւ զոհված զինծառայողների ծնողների եւ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից երեկ կառավարության շենքի մոտ կազմակերպված ակցիային մասնակցելու արդյունքում ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալության, ինչպես նաեւ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի՝ հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպություններին ուղղված հայտարարությունների հարցը։ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, ասել էր, թե հասարակական կազմակերպությունները իրենց գործունեությամբ ներազդում են բանակի մարտունակության վրա եւ դա գնահատել էր «սխալ, սայթաքում» ու նշել էր, թե ապագայում դա կդիտարկի որպես ոտնձգություն բանակի նկատմամբ եւ սպառնացել էր «իրավական լուծումներ» տալ հարցին։ Բացի այդ, «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը հոկտեմբերի 11-ին դիմել էր պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 1994 թվականից մինչ օրս բանակում մահացած անձանց ցանկի վերաբերյալ։

Ըստ Արթուր Սաքունցի, վերջին հարցի կապակցությամբ խոստում է տրվել, որ առաջիկայում պահանջված տեղեկությունները կտրամադրվեն։ Վարդգես Գասպարիի մասով՝ Դավիթ Տոնոյանը խոստացել է ուսումնասիրել հարցը։ Ինչ վերաբերում է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններին, իրավապաշտպանը նշեց․ - «[Դավիթ Տոնոյանը] կխոսի նախարարի հետ եւ փոխնախարարի արտահայտությունների հետ կապված կունենանք պաշտպանության նախարարության որոշակի հրապարակային արտահայտություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG