Մատչելիության հղումներ

logo-print

Բանակում վերջին դեպքերի կապակցությամբ երկու զինծառայող է ձերբակալվել


Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, Լեռնային Ղարաբաղի N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան գործով երեկ ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մարտինի Զաքարյանը: Վերջինս ձերբակալվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով` «Զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից»։ Հիշյալ արարքը պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը վեց ամիս ժամկետով:

Երեկ ձերբակալություն է իրականացվել նաեւ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչի Մկրտչյանի տեղափոխման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը: Այս դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Հայաստանի քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով` «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով»։ Տվյալ արարքը պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG