Մատչելիության հղումներ

Ակտիվիստների պնդմամբ, Ուսանողական այգու շինությունը պատկանում է նախագահի թիկնազորի պետի կնոջը


«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության բողոքի ակցիան, Երեւան, 14-ը մայիսի, 2010թ․
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության բողոքի ակցիան, Երեւան, 14-ը մայիսի, 2010թ․
2010 թվականի գարնանը բողոքի ակցիաների եւ ստորագրահավաքի առիթ դարձած Երեւանի Ուսանողական այգում կառուցվող շինությունը պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին, պնդում են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները։

Հիշեցնենք, դեռ մայիսին Ուսանողական այգին կառուցապատումից փրկելու կոչով անցկացված ստորագրահավաքի արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն էր հավաքվել եւ ուղարկվել ՀՀ նախագահին: Սակայն 2 շաբաթ առաջ նախագահականին մոտ գտնվող աղբյուրներից պարզ դարձավ, որ այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիր Ռուզաննա Բեգլարյանը նախագահի թիկնազորի պետի կինն է, ասում են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները:

«Հիմա մեզ համար բավականին ակնհայտ է, թե այդ ամենն ինչու էր հնարավոր անտեսել, խախտել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը։

Ագրարային համալսարանին եւ Հանրային գրադարանին կից գտնվող «Ուսանողական այգում» ամիսներ առաջ սկսվեց սրճարանի շինարարություն, որն ըստ հասարակական ակտիվիստների, այգին դրեց վերացման վտանգի առաջ: Եվ չնայած այգու պաշտպանության շուրջ բարձրացած աղմուկին, դժգոհությանը, կազմակերպված ստորագրահավաքներին եւ ակցիաներին` սրճարանը կառուցվեց:

Համաձայն այսօր «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության տարածած հաղորդագրության` այգում կառուցված մի քանի հարկանի բետոնապատ շինությունը գրավում է մոտ երկու անգամ ավելի մեծ տարածք, քան Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված մակերեսը:

Մենք սահմանված կարգի համաձայն` գրավոր հարցում ուղարկեցինք Երեւանի Քաղաքապետարան պարզելու համար, թե իսկապես շինությունը խախտել է քաղաքապետարանի տրամադրած մակերեսը, սակայն քաղաքապետարանից մեզ փոխանցեցին,որ հարցը լուրջ է եւ ժամանակ է հարկավոր ճշտելու եւ հստակ պատասխան տալու համար:

Նախաձեռնությունը պնդում է նաեւ, որ չնայած որ սրճարանը կառուցվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, դրա կառուցումը սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ: Նախարարության մամուլի խոսնակ Գայանե Դուրգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ տարածքը գտնվում է պատմամշակութային հուշարձանի պահպանության գոտում։

«Բայց երբ քաղաքապետարանը այդ հողահատկացումը կատարել է, դա եղել է մինչեւ գոտու հաստատումը։ Այսինքն, երբ 2010 թվականին հաստատվել է այդ հուշարձանի գոտին, այդ շինությունը արդեն եղել է», - նշեց Գայանե Դուրգարյանը։ - «Այ հիմա, երբ որ իրենք ուզենան որեւէ փոփոխություն կատարել, այդ պարագայում արդեն անպայման պետք է դիմեն մշակույթի նախարարությանը համաձայնություն ստանալու համար»։

Մինչդեռ, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները իրենց հաղորդագրությունում գրել են, որ ՀՀ նախագահը դարձել է Երեւանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիք»։
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG