Մատչելիության հղումներ

«Վստահություն» ՀԿ. «Երբ կրծքերը խանգարում են բիզնեսին»


 «Վստահություն» ՀԿ. «Երբ կրծքերը խանգարում են բիզնեսին»

«Վստահություն» ՀԿ. «Երբ կրծքերը խանգարում են բիզնեսին»

«Երբ կրծքերը խանգարում են բիզնեսին», - մենք մի էսպիսի գիրք ունենք: Հիմա ես ասեմ, որ բիզնեսն էլ խանգարում է մեր երեխաների առողջությանը: Կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների շահերին դեմ է այս օրենքը»,- «Մաքսլիբերթի»-ին ասաց «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը:

Առողջապահության նախարարության ու ԱԺ-ի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ մշակած օրենքի նախագիծը, նպատակ ունի վերացնել այն գործոնները, որոնք խոչընդոտում են կրծքով սնուցման խրախուսումը: Նախագիծը` որը դեռ օրենք դառնալու միտումներ չունի, արգելում է Հայաստանում մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված, մայրական կաթին փոխարինող կաթնախառնուրդների, ցանկացած հեղուկի եւ սննդի, ինչպես նաեւ կերակրման շշերի եւ ծծակների գովազդը: Նոր նախագիծը մի քանի անգամ քննարկումների ու հանրային լսումների դրվեց, եղան հիմնականում դրական եզրակացություններ եւ միայն վերջերս ԱԺ-ն նախագծի հաստատումը հետաձգեց 60 օրով:

Օրենքի նախագծի քվեարկությունը 60 օրով հետաձգվեց, որովհետեւ պարզվել է, որ կարծիք ունեն արտահայտելու նաեւ այլ նախարարություններ, որոնք նույնպես պետք է ներառվեն նախագծում: Փաստորեն նշյալ այլ նախարարությունները որոշել էին հենց օրենքի նախագծի քվեարկության օրն արտահայտել իրենց կարծիքը, իսկ մինչեւ այդ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական եւ հանրային լսումներին կարծիք արտահայտելու ժամանակ չեն ունեցել:

«Արդյո՞ք օրինագծի հաստատումը հետաձգելու պատճառը տույժերի ու տուգանքների մասով փոփոխություններ կատարելու պատրվակ չէր»,- հետաքրքվեցինք, առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից:

«Տույժերի մասով ոչ մի առաջարկություն չի եղել» ,- ասաց Քրմոյանը:

Հայաստանում մանկական կաթնախառնուրդների առավել խոշոր ներկրողներից մեկն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն է: Հարց է, թե որքանով սահմանված տույժերն ու տուգանքները կարող են տարածվել նաեւ պատգամավորի ընկերության վրա:

Մինչեւ նախագծի ճակատագրի որոշումը, մասնագետները նշում են, որ կրծքով սնուցվող երեխաներն ավելի քիչ են հիվանդանում շնչառական եւ մի շարք այլ ծանր հիվանդություններով, ավելի հեշտ են ընդունում պատվաստումները, հազվադեպ են ունենում ճանաչողական եւ մտավոր թերզարգացումներ, ատամների կարիես եւ կեցվածքի անկանոնություն, ապահովված են լինում գերազանց տեսողությամբ, եւ ցածր է նաեւ նրանց մահացության ցուցանիշը: Կրծքով սնուցումը նվազեցնում է կրծքի եւ ձվարանների քաղցկեղի հավանականությունը կնոջ մոտ: «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահը հիշեցնում է, որ կաթնախառնուրդների հիմնական մասը պատրաստված է կովի կաթից, հետեւաբար դրանցում առկա իմուն գործոններն ու պաշտպանական նյութերը նախատեսված են հորթուկների համար:

«Եթե կովին պետք է արագ քաշ հավաքել, մկանները զարգացնել, բայց ուղեղի զարգացմանը չնպաստել, ապա կնոջ կաթի մեջ կան նյութեր, որոնք նպաստում են ուղեղի զարգացմանը: Կովի կաթը նպաստում է քաշի ավելացմանը: Այս կաթնախառնուրդները այն հիվանդություններից են պաշտպանում, որով հորթերն են հիվանդանում»,-ասաց Հարությունյանը:

Օրենքի նախագծով արգելում է նաեւ կաթնախառնուրդների գովազդը հենց ծննդատներում: «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն մոնիտորինգ է կատարել Հայաստանի ծննդատներում, պոլիկլինիկաներում, մանկական հիվանդանոցներում եւ վաճառքի կետերում եւ բոլոր տեղերում է խախտումներ են գտել:

XS
SM
MD
LG