Մատչելիության հղումներ

Թուրքիան շոկի մեջ է


Թուրքիա - Ազգայնականների ցույցը մայրաքաղաք Անկարայում, 20-ը հոկտեմբերի, 2011թ.
Թուրքիա - Ազգայնականների ցույցը մայրաքաղաք Անկարայում, 20-ը հոկտեմբերի, 2011թ.
Թուրքիայում հինգշաբթի օրը վերջին հրաժեշտն են տալիս քուրդ զինյալների կողմից նախօրեին սպանված 24 թուրք զինվորներին։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ սա թուրքական բանակի ամենամեծ կորուստն է վերջին գրեթե 20 տարիներին։

Թուրքիան կատարյալ շոկի մեջ է: Թեեւ երկրում պաշտոնապես սգո օր չի հայտարարվել, սակայն բոլոր հեռուստաընկերությունները դադարեցրել են համերգների, սերիալների, այլ ժամանցային ծրագրերի հեռարձակումները, իսկ երկրի գրեթե բոլոր խոշորագույն քաղաքների փողոցներում ազգայնական ցույցեր են:

Թուրք ազգայնականները պահանջում են ամենակտրուկ միջոցները կիրառել երկրի հարավ-արեւելքում գործող Քրդական աշխատավորական կուսակցության ջոկատների դեմ: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին էլ ավելի հեռուն գնաց` հայտարարելով, թե հարկավոր է երկրի բոլոր քրդաբնակ շրջաններում ռազմական դրություն մտցնել:

Ավանդաբար կտրուկ հայտարարություններից խուսափող նախագահ Աբդուլա Գյուլը եւս չորեքշաբթի օրը շատ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ` փաստորեն բացառելով հետագա որեւէ փոխզիջումը ինքնավարություն պահանջող քրդական ուժերին:

«Որեւէ մեկը թող չմոռանա` ով կփորձի մեզ ցավ պատճառել, նրան մենք շատ ավելի մեծ ցավ ենք պատճառելու: Մենք վրեժ ենք լուծելու այն բոլոր մարդկանցից, ում թվում էր, թե կարող են այս հարձակումներով թուլացնել մեր պետությունը», - նշեց Գյուլը:

Վարչապետ Էրդողանի կարծիքով էլ` 24 մարդու կյանք խլած հարձակումների ետեւում օտար ուժեր են կանգնած: «Հարձակման հեղինակները պարզապես օտար ուժերի պատվերն են կատարում», - նշում էր Էրդողանը:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, սակայն, կուսակիցների առջեւ ունեցած ելույթում հարցը դիտարկեց փոքր-ինչ այլ տեսանկյունից: «Ինչպե՞ս ստացվեց, որ քուրդ զինյալները հեշտությամբ կարողացան հատել Իրաքի հետ սահմանը եւ մոտ մեկ տասնյակ միաժամանակյա հարձակում իրականացրեցին», - ասում է թուրք գործիչը:

«Ես իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում զոհերի նման մեծ թիվ չեմ հիշում։ Դա ուղղակի աննախադեպ է, եւ վարչապետ Էրդողանի հայտարությունները նախեւառաջ վկայում են կառավարության անօգնական վիճակի մասին։ Ես կարծում եմ, որ հեռուստատեսությամբ ելույթ ունենալու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, եթե նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը գային խորհրդարան եւ հաշվետու լինեին թուրք օրենսդիրներին», - նշում էր ընդդիմության առաջնորդը:

Ինչպես գրում է թուրքական առաջատար պարբերականներից մեկը` Zaman-ը, Հաքյարիում իրականացված հարձակումների առաջին մանրամասները վկայում են, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները որոշակի օպերատիվ տեղեկատվություն ունեցել են քուրդ զինյալների կողմից ծրագրվող գործողությունների մասին: Մասնավորաբար, դեռ մի քանի ամիս առաջ հետախուզությունը տեղեկացրել էր, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը Հաքյարիի մերձակայքում մեծաքանակ ուժեր ու զինամթերք է կենտրոնացնում: Ավելին, կուսակցության առաջնորդներից մեկի` թուրքական հետախուզության կողմից գաղտնալսված հեռախոսազրույցում նշվել էր անգամ հարձակման կոնկրետ վայրը` Հաքյարի գավառի Չուքուրջա ավանին հարող տարածքը: Չնայած այս ամենին, նշում է թերթը, որեւէ հստակ քայլ չի իրականացվել, որ թույլ կտար խուսափել բազմաքանակ զոհերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG