Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական թանգարանը չի տալիս Ջեք Գեւորգյանի կտավները


Մասաչուսեթսում գործող Ամերիկայի հայկական գրադարանը եւ թանգարանը հրաժարվում է աճուրդի համար տրամադրել որպես «Դոկտոր մահ» հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանի հեղինակած 17 կտավները։

Հայկական թանգարանը հայց է ներկայացրել Գեւորգյանի փաստաբանի դեմ` պնդելով, որ բժիշկը եւ նրա քույրը ժամանակին հրապարակավ հայտարարել են կտավները թանգարանին նվիրաբերելու մասին։

Փաստաբան Մեյեր Մորգանրոթը, սակայն, երեկ «անհեթեթ» է որակել այդ պնդումները` իր հերթին պնդելով, որ ո՛չ ինքը եւ ո՛չ էլ Գեւորգյանը նվիրատվության մասին որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Մորգանրոթը հայտնել է, որ հայցը Միդլսեքս շրջանի դատարանից դաշնային դատարան տեղափոխելու միջնորդություն է ներկայացրել։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` թանգարանը հայտնել է, որ պահելու է Գեւորգյանի կտավները մինչեւ հարցի լուծումը։

Ջեք Գեւորգյանը մահացել է այս տարվա հունիսին։ Նրա կտավները եւ անձնական իրերը աճուրդի են հանվելու հոկտեմբերի վերջին Նյու Յորքում։

Գեւորգյանի կտավների մեծ մասը վերաբերում են մահվանը։ Դրանցից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն» եւ պատկերում է արյունոտ գլուխ, որը մազերից բռնած պահում են երկու զինվորներ` համապատասխանաբար, Առաջին աշխարհամարտի տարիների թուրքական զինվորական համազգեստով եւ Երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական զինվորական համազգեստով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG