Մատչելիության հղումներ

«Եվրոպական ճգնաժամը մեծացնում է Մոսկվայի հնարավորությունները»


Ռուսաստան - ԱՊՀ-ի երկրների վարչապետները քննարկում են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, Սանկտ Պետերբուրգ, 18-ը հոկտեմբերի, 2011թ.

Ռուսաստան - ԱՊՀ-ի երկրների վարչապետները քննարկում են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, Սանկտ Պետերբուրգ, 18-ը հոկտեմբերի, 2011թ.

Եվրոպական ճգնաժամը մեծացնում է Մոսկվայի հնարավորությունները, նշում են Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները` անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի երկրներից ութի, այդ թվում նաեւ Հայաստանի կողմից ստորագրված ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագրին:

Նախկին Միության փլուզումից հետո ստեղծված ԱՊՀ-ն Stratfor-ը ներկայացնում է որպես քննարկումների վայր` ռազմական եւ տնտեսական խորհրդանշական բաղադրիչներով: Նախկինում եւս երկրների այս խումբը փորձել էր ազատ առեւտրի գոտի ստեղծել, բայց այն երբեք չէր ստորագրվել։ Ավելին, Ուկրաինան` հիմնադիր անդամներից մեկը, նույնիսկ չի ստորագրել ԱՊՀ-ին անդամակցության բոլոր փաստաթղթերը:

Քանի որ ԱՊՀ-ն արդյունավետ չէր, Ռուսաստանը այլ կառույցներ էր օգտագործում նախկին Միության երկրների հետ սերտ դաշինքներ ձեւավորելու համար. քաղաքական ոլորտում՝ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ միությունը, ռազմական ոլորտում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, տնտեսական ոլորտում` Բելառուսի եւ Ղազախստանի հետ կնքած Մաքսային միությունը։ Եվ այսպիսով պաշտոնական Մոսկվան ամրապնդում էր իր անմիջական ազդեցությունը նախկին Միության երկրների մեծ մասի վրա, նշում են Stratfor-ի վերլուծաբանները։

Սակայն նախկին Միության երկրներին ավելի շատ հրապուրում էին Արեւմուտքի հետ առեւտրի կամ տնտեսական դաշինքներ կազմելու գաղափարները, նշում են փորձագետները` հավելելով, թե ավանդաբար նախկին Միության երկրները Ռուսաստանի հետ տնտեսական դաշինքներ են ստորագրել քաղաքական կամ անվտանգության պատճառներով:

Ռուսաստանը ընդունակ չէր Արեւմուտքի, հատկապես Եվրոպայի հետ մրցակցել ներդրումների, արդիականացման կամ առեւտրի ոլորտներում։ Տնտեսական հնարավորությունները Արեւմուտքի ուժեղ լծակներից մեկն էր, որով փորձ էր արվում կանխել նախկին Միության երկրների` կրկին Մոսկվայի իշխանության տակ ընկնելը։

Բայց Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը Ռուսաստանին բացառիկ հնարավորություն տվեց` դառնալու տարածաշրջանում ուժեղ, ծանրակշիռ տնտեսական գործոն։ Շարունակվող ճգնաժամը եվրոպական երկրներին եւ Եվրամիությանը ստիպում է ուշադրության տակ չպահել իրենց տարածաշրջանից դուրս ծրագրերը, դրանք հիմա ընդունակ չեն լիարժեքորեն դիմակայել Ռուսաստանին նախկին Միության երկրներում։

Սակայն Ռուսաստանի հետ տնտեսական դաշինքը երբեք չի սահմանափակվում տնտեսական ոլորտով։ Ինչպես Մաքսային միության կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դեպքերում, պաշտոնական Մոսկվան մեծ փորձ ունի` սկսելու մաքսային կամ ռազմական ներգրավվածությունից եւ ընդայնելու իր ազդեցությունը քաղաքական այլ իրողությունների վրա։

Եվ Մոսկվան, անկասկած, հասկանում է իր ներկայիս հնարավորությունները, ընդգծում են փորձագետները։ Վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը, հավանաբար, եկող տարի նախագահի պաշտոնին կվերադառնա, հայտարարել է, թե մտադիր է եվրասիական միություն ձեւավորել, ուր կներառվեն նախկին Միության երկրները։

Այս առաջարկը թույլ է տվել որոշ կարծիքներ հայտնելու, թե Ռուսաստանի առաջնորդը ձգտում է վերականգնել նախկին Միությունը։

Պուտինը սա հերքում է, եւ, իհարկե, գործոններ կան, որոնք սահմանափակում են նման ձեւավորումը։ Ամեն դեպքում, Ռուսաստանի վարչապետը ասել է, թե նման միությունը կառուցվելու է նախկին Միության երկրների միջեւ առկա դաշինքների հիման վրա, ինչպիսին են Մաքսային միությունը եւ հիմա էլ, ամենայն հավանականությամբ, ամրապնդված ԱՊՀ-ն, եզրափակում են Stratfor-ի վերլուծաբանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG