Մատչելիության հղումներ

«Իրանում Թուրքիայի պահվածքից խիստ դժգոհ են»


Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադի եւ Աբդուլա Գյուլի հանդիպումը Թեհրանում, արխիվ

Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադի եւ Աբդուլա Գյուլի հանդիպումը Թեհրանում, արխիվ

Կկարողանա՞ արդյոք թուրքական դիվանագիտությունը հասնել իր հռչակած հիմնական նպատակներից մեկին` Իրանի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատմանը: Թուրքական «Զրո խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքական գծի ակնհայտ ճգնաժամի պայմաններում այս հարցը գնալով ավելի հրատապ է դառնում թե՛ իրանցի եւ թե՛ թուրք փորձագետների համար:

Այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնեց ամերիկյան ռադարների տեղակայմանն իր տարածքում, Իրանի հետ հարաբերությունները կարծես օրեցօր վատթարանում են:

Փարիզում բնակվող իրանցի վերլուծաբան Ջամիդ Ասադին նշում է. - «Այս ամենն իրանական կողմին դուր չի գալիս: Երբ կարդում ես իրանական թերթերը` նախեւառաջ պահպանողական պարբերականները, ապա տեսնում ես, որ Իրանում Թուրքիայի պահվածքից խիստ դժգոհ են եւ շատ հստակորեն քննադատում են այդ քաղաքականությունը»:

Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ թուրք - իրանական հարաբերությունները վատթարանում են նաեւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Պաշտոնական Թեհրանը միանշանակորեն աջակցում է Բաշար Ասադի վարչակազմին, իսկ Թուրքիան ոչ միայն պահանջեց սիրիական իշխանություններից վերջ տալ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ գործադրվող ճնշումներին, այլեւ ուղղակի կապ հաստատեց սիրիացի վտարանդի ընդդիմադիրների հետ:

Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Նուրայ Մերթը նշում է. - «Եթե Սիրիայում իշխանափոխություն լինի, դա կխախտի ուժերի հարաբերակցությունը ողջ տարածաշրջանում: Սիրիայի կորուստն Իրանի համար Մերձավոր Արեւելքում ազդեցության կարեւորագույն մի լծակի կորուստ կնշանակի»:

Իրանցի անկախ փորձագետների կարծիքով, սակայն, Սիրիայում հեղափոխության հաղթանակի դեպքում անգամ պաշտոնական Թեհրանը չի գնա Անկարայի հետ հարաբերությունների կտրուկ սառեցմանը:

Վերլուծաբան Մեհրդադ Էմադիի խոսքով` դրա պատճառը զուտ պրագմատիկ է. - «Թուրքիան այն գլխավոր ուժն է, որ օգնում է Իրանին` հաղթահարել միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները: Առնվազն 11 դեպք է հայտնի, երբ թուրքական ընկերությունները արեւմուտքում Իրանում իշխող վարչակազմի պատվերով տարբեր տեսակի գնումներ են կատարել, այդ թվում` տեխնոլոգիաներ են ձեռք բերել»:

Վերլուծաբանների կարծիքով` Թուրքիայի այս դերակատարությունն ավելի մեծ կարեւորություն կստանա հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին: Հիշեցնենք` այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին, թե Իրանի հատուկ ծառայությունները ծրագրում էին սպանել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանին, Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հավանակնությունն ավելի քան իրական է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG