Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը չմեկնեց Բրյուսել


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ
Վիկտոր Յանուկովիչը չմեկնեց Բրյուսել. Ուկրաինայի նախագահի՝ հինգշաբթի օրը նախատեսված հանդիպումն ու բանակցությունները Եվրամիության ղեկավարների հետ անորոշ ժամանակով հետաձգվեցին։

Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների սառեցման հիմնական պատճառը Տիմոշենկոյի դատավճիռը դարձավ։ Երբ Կիեւի Պեչերյան դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա ազատազրկման, եվրոպացի պաշտոնյաները բացեիբաց հայտարարեցին, որ դատարանի արձակած վճիռը չի կարող չազդել Եվրամիության եւ Ուկրաինայի հարաբերությունների վրա։

«Դատավարությունը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին։ Դրա ապացույցն էր կայացված դատավճիռը, որն էլ ապացուցեց, որ արդարադատությունը ընտրողաբար է կիրառվում, դատական հետապնդման են ենթարկվում ընդդիմության ներկակայացուցիչներն ու կառավարության նախկին անդամները», - ասված էր Եվրահանձնաժողովի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Դատավարությունը սուր քննադատության էին արժանացրել նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, Եվրամիությունում այժմ նախագահող Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, եվրոպացի այլ պաշտոնյաներ։

Հինգշաբթի օրը նախատեսված հանդիպման ժամանակ Վիկտոր Յանուկովիչը եվրոպացի գործընկերների հետ պետք է համաձայնեցներ Ասոցացման համաձայնագրի վերջին մանրամասները։ Հանդիպման հետաձգումից հետո այդ համաձայնագրի կնքումը կարծես թե անորոշ ժամանակով հետաձգվում է։

Ուկրաինական կողմը պնդում է, թե Յանուկովիչի այցը Բրուսել ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ հետաձգվել է։

Ուկրաինական մամուլն էլ գրում է, թե իշխանական շրջանակներում պնդում են, որ Եվրամիության եւ իրենց երկրի միջեւ այսօր նախատեսված հանդիպումը չի կայացել հենց Վիկտոր Յանուկովիչի «ջանքերի» շնորհիվ, թե իբր նա է խափանել բանակցությունները։

ԱՊՀ-ի հարցերով փորձագետ Վլադիմիր Ժարիխինը ռուսական «Իզվեստիա»-ին ասել է. - «Յանուկովիչին եւ նրա շրջապատին ամենեւին հարկավոր չէ Եվրոպայի հետ մտերմությունը. նրանք չափազանց լավ են հիշում Լազարենկոյի հետ տեղի ունեցածը»։

Ֆինանսական միջոցների անօրինական փոխանցումներ կատարելու համար Ուկրաինայի նախկին վարչապետ Պավլո Լազարենկոն ամերիկյան դատարանի` 2006-ին կայացրած վճռից հետո գտնվում է տնային կալանքի տակ։

Փորձագետի կարծիքով` Եվրամիության հետ կապերի իրական ամրապնդման դեպքում, Ուկրաինայի նախագահի, նաեւ` նրա շրջապատի ֆինանսական միջոցները կարող են վտանգվել, եթե հայտնվեն եվրոպական ֆինանսական կառույցների վերահսկողության տակ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ուկրաինան նույնպես ստորագրել է ԱՊՀ-ի տարածքում ազատ առեւտրի գոտի ստեղծելու` Ռուսաստանի հովանավորած պայմանագիրը։ Եվ կարծես թե իրականություն են դառնում արեւմտյան փորձագետների այն կանխատեսումները, թե Յանուկովիչին Տիմոշենկոյի նկատմամբ կայացված վճռից հետո այլ ելք չէր մնում, քան «Մոսկվայի գիրկն ընկնելը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG