Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ընդունել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարին


Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին այսօր ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Կողմերը, ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ, տարածաշրջանային, տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ եւ այդ հարաբերությունները դիտարկում է որպես երկրում տեղի ունեցող բարեփոխումների` տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման գրավական:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը նաեւ կարեւորում է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը իր հերթին, ընդգծելով, որ իր առաջին արտաքին այցերից մեկը կատարում է Հայաստան, նշել է, որ սա ապացուցում է, թե ԱՄՆ ղեկավարությունն ինչ առաջնահերթություն է տալիս տարածաշրջանին, մասնավորապես, Հայաստանին եւ Հայաստանի հետ հարաբերություններին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ կանի հնարավորը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG