Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարն եւ Հայաստանի արտգործնախարարը քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:

Արտգործնախարարի հետ զրույցում ԱՄՆ փոխպետքարտուղար Բըրնսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված բարեկամական գործընկերությունը եւ նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխգործակցության զարգացումը, երկխոսությունը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին:

Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի լայն շրջանակի, տնտեսական փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերին, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերին:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի քննարկման ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար արտահայտվող դիրքորոշումները ոչ միայն հակասում են, այլեւ հաճախ հակադրվում են եռանախագահող երկրների նախագահների կողմից բազմիցս արված հայտարարություններին եւ խաղաղ գործընթացի տրամաբանությանը:

Այս առումով Ուիլյամ Բըրնսը նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության ապահովումը եւ տարածաշրջանի երկրների միջեւ փոխհարաբերությունների կարգավորումը մշտապես գտնվել են ԱՄՆ ուշադրության կենտրոնում: Նա նաեւ հավելել է, որ առկա վեճերի եւ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղ ճանապարհն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG