Մատչելիության հղումներ

Վաղը ատոմակայանի աշխատողները կորոշեն` լքե՞լ աշխատատեղը, թե՞ շարունակել աշխատանքը


Ատոմակայանի ղեկավարման վահանակը, արխիվ

Ատոմակայանի ղեկավարման վահանակը, արխիվ

Մեծամորի ատոմակայանի շուրջ 160 աշխատող, մեկ ամիս առաջ աշխատանքից ազատման մասին դիմում են գրել: Նրանք պահանջում են աշխատավարձը համապատասխանեցնել գնաճի հետեւանքով տեղի ունեցած թանկացումներին` այն բարձրացնելով շուրջ 50 տոկոսով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ատոմակայանի աշխատողները պնդեցին իրենց պահանջը: Նրանք ասում էին, թե վաղը լրանում է աշխատանքից ազատման մասին դիմում գրելու 30 օրը: Այս ընթացքում տնօրինությունն իրենց դիմումների վերաբերյալ որեւէ պատասխան չի տվել` ոչ մակագրել է այն, ոչ էլ մերժել:

«Իսկ դա նշանակում է, որ վաղվանից կդադարենք համարվել աշխատող` անցագրերը կհանձնենք ու վերջ», - ասում է ատոմակայանի էլեկտրոնային արտադրամասի աշխատակից Կարեն Կարապետյանը:

Աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատողներն ասում են, թե եթե իրենց պահանջը չբավարարվի, ատոմակայանի 450 աշխատողների մեկ երրորդը, փաստորեն, վաղվանից կլքի աշխատանքը:

Ատոմակայանում միջին աշխատավարձի չափը 277 հազար 500 դրամ է:

ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը հրաժարվեց աշխատակիցների բարձրացրած հարցի վերաբերյալ զրուցել «Ազատություն» ռադիոկայանի հետ` ասելով, թե զբաղված է: Մոտ մեկ ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մարկոսյանն ասել էր, թե առաջիկայում կանդրադառնա այս հարցին` հավելելով, սակայն, որ ատոմակայանը «ավելորդ գումարներ չունի»:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ հարցին լուծումը կտրվի վաղը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG