Մատչելիության հղումներ

Քրեական գործ` զինծառայողի սպանության գործով մեղադրյալի հարազատներից կաշառք ստանալու փաստով


Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել թիվ N զորամասի դասակի հրամանատարի ներկայացրած հաղորդումը, ըստ որի թիվ N զորամասի զինծառայողին սպանելու եւ ծառայության կանոնները խախտելու մեջ մեղադրվող մեկ այլ զինծառայողի նկատմամբ համեմատաբար մեղմ՝ 8 տարի 6 ամիս ժամկետով պատիժ սահմանելու եւ հետագայում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար մեղադրյալների հարազատներից ստացել է 7 հազար 500 դոլար, որից 7 հազար դոլարը փոխանցել է կայազորի զինվորական դատախազության դատախազին: Ըստ հաղորդման` վերջինս, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելով առանձին պաշտոնատար անձանց հետ, որպես միջնորդ հանդես գալով, գումարը փոխանցել է նրանց:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են Հայաստանի քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, որոնք ստուգելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ՝ գլխավոր դատախազի որոշմամբ հոկտեմբերի 14-ին հարուցվել է քրեական գործ, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

«Հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաեւ հաղորդման մեջ հիշատակված անձանց անունները չեն հրապարակվում` քրեական գործի նախաքննության շահերից ելնելով, ինչպես նաեւ` հաղորդում ներկայացրած անձի նկատմամբ շահագրգիռ անձանց կողմից հնարավոր ներգործության դրսեւորումները բացառելու նպատակով», - նշում է գլխավոր դատախազությունը` խոստանալով նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրել լրացուցիչ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, այս պահին տվյալ գործով ձերբակալվածներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG