Մատչելիության հղումներ

8 խմբագիրներ պահանջում են դադարեցնել վիճարկվող օրենքի կիրառումը


«Ժամանակ» եւ «Հրապարակ» թերթերի խմբագիրներ Արման Բաբաջանյանը եւ Արմինե Օհանյանը, արխիվ
«Ժամանակ» եւ «Հրապարակ» թերթերի խմբագիրներ Արման Բաբաջանյանը եւ Արմինե Օհանյանը, արխիվ
Հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմել է Սահմանադրական դատարան, հայաստանյան 8 թերթերի խմբագիրներ այսօր հայտարարություն են տարածել` կոչ անելով Սահմանադրական դատարանին մինչեւ վերջնական որոշում կայացնելը միջոցներ ձեռնարկել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:

Խմբագիրները հոդվածի դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում են հակասահմանադրական, ընդգծելով, որ դրա հեռահար նպատակը Հայաստանի քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է:

Հայտարարությունը ստորագրած «Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրավիճակն իսկապես լուրջ է եւ Սահմանադրական դատարանը անհապաղ պետք է կասեցնի հոդվածի գործնական կիրառումը:

«Դատելով դեպքերի ընթացքից, երբ դատարանը բավարարում է տարբեր օլիգարխների հայցերը զանգվածային տպագիր մամուլի դեմ, իսկապես վտանգ է ստեղծվում, որ մի օր մենք կարող ենք ունենալ իրավիճակ, եւ շատ մոտ ապագայում, երբ տպագիր մամուլի միջոցները, չկարողանալով կատարել դատարանի վճիռները, այսինքն` փոխհատուցել որպես պատվի, արժանապատվության վերականգնման միջոց բավականին մեծ գումարներ, կարող են ուղղակի փակվել: Եվ այդ դեպքում իսկապես զանգվածային լրատվամիջոցների դաշտը ուղղակի կվերանա այս երկրից», - նշեց «Երկիր» թերթի խմբագիրը:

Հայատարարությունը ստորագրած խմբագիրները նշում են, թե 2010 թվականին Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց հայտարարված նպատակն զրպարտություն եւ վիրավորանք հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել, խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի:

«Տպագիր լրատվամիջոցների դեմ ավելի ու ավելի մեծ հաճախականությամբ են դատական հայցեր հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը», - մասնավորապես, ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են «Առավոտ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «168 ժամ», «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի խմբագիրները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարության տեքստը առանց էմոցիաների, որակյալ եւ գործնական գնահատեց, այն իմաստով, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն իսկապես թույլ է տալիս կասեցնել որեւէ օրենքի գործնական կիրառումը:

«Տվյալ պարագայում դա դիտվում է որպես դիմումի ապահովման միջոց: Մենք գիտենք, որ դատարանները կիրառել են լրատվամիջոցների դեմ հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց: Հիմա Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի ապահովման միջոց կարող է դա լինել», - նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

«Իսկապես դանակը հասել է ոսկորին», - ասում է Աշոտ Մելիքյանը: Նա չի բացառում, որ տեղի տալով խմբագիրների կոչին, սահմանադրական դատարանը կկասեցնի հոդվածի կիրառումը: Միեւնույն ժամանակ, սակայն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ընդգծում է, որ վստահ չէ, թե վիճարկվող դրույթները հակասահմանադրական են, ինչպես խմբագիրներն են պնդում:

«Ուղղակի այնտեղ ոչ հստակ ձեւակերպումներ կան, որոնք թույլ են տալիս սուբյեկտիվիզմի կիրառում, եւ այնտեղ պետք է անպայման այդ վերին շեմը իջեցնել, որովհետեւ այն չի համապատասխանում հայաստանյան լրատվամիջոցների ֆինանսական վիճակին», - պարզաբանեց Աշոտ Մելիքյանը` հավելելով, թե հակասահմանադրականը այն հաշվեհարդարն է, որ լրատվամիջոցների նկատմամբ տեսնում են քաղաքական գործիչները եւ օլիգարխները, եւ դատարանները, փոխանակ համակողմանի քննեն բոլոր փաստերը, «ուղղակի տուրք են տալիս այդ մարդկանց ֆինանսական եւ քաղաքական ուժին»:

Օմբուդսմենի որոշումը` դիմել Սահմանադրական դատարան Աշոտ Մելիքյանը դրական է գնահատում: Հիշեցնենք, 2009 թվականին Կարեն Անդրեասյանն ինքն էր նախաձեռնել զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնելու օրենսդրական փոփոխությունը:

«Ուղղակի, այն ժամանակ, երբ նախաձեռնվում էր այդ ամենը եւ փորձագետները ասում էին, որ կան լուրջ մտավախություններ, որ պատասխանողը լինելու է ոչ թե վիրավորողը եւ զրպարտողը, այլ ազատ խոսքի ջատագովը, այն ժամանակ ոչ մեկը չէր ուզում լսել: Ցավոք, մեր կանխատեսումները իրականացան», - հավելեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Հատկանշական է, որ հայտարարությանը միացած բոլոր 8 տպագիր պարբերականների դեմ վիճարկվող հոդվածով դատական գործեր են հարուցվել: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մոտ օրերս հրապարակելու է երրորդ եռամսյակային զեկույցը. Աշոտ Մելիքյանն ասաց` դատական հայցերի ալիքը չի նվազել: Օրենսդրական փոփոխություններն ընդունվելուց հետո տպագիր մամուլի դեմ ավելի քան 15 հայց է ներկայացվել։
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG