Մատչելիության հղումներ

Տնտեսագետը վտանգավոր է համարում պետբյուջեի եկամտային մասը ավելացնելու նախաձեռնությունը


Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյան
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյան
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը շատ վտանգավոր է համարում 2012 թվականի պետբյուջեի եկամտային մասը շուրջ 101 միլիարդ դրամով ավելացնելու կառավարության նախաձեռնությունը:

Ըստ Խաչատրյանի` Հայաստանի` որոշ գնահատումներով մոտ 70 տոկոսի հասնող ստվեր ունեցող տնտեսությունից լրացուցիչ 101 միլիարդ դրամի եկամուտ ակնկալելու համար հարկ է քաղաքական որոշում կայացնել:

«Իսկ քաղաքական որոշում կայացնելու դեպքում Սերժ Սարգսյանը պետք պարզապես հավաքի բոլոր օլիգարխ-գործարարների սեղանի շուրջ եւ ասի' վերջ, այսօրվանից սկսում եք աշխատել միայն ինվոյսներով, այսինքն սեւ շուկան էականորեն կրճատում եք, ապրանքները բերում եք, այն գներով եք մաքսազերծում, ինչ գնով, որ գնել եք, այսինքն խաղի կանոններն էականորեն փոխվում են», - չորեքշաբթի կայացած ասուլիսում ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, սակայն, խաղի կանոնները չեն փոխվում, իսկ դա նշանակում է, որ առաջանալու է մի շատ լուրջ խնդիր, թե ո՞ւմ հաշվին է այդ համալրումը արվելու:

«Եթե քաղաքական որոշում չկա, ուրեմն դա պետք է արվի փոքր եւ միջին բիզնեսի հաշվին, այսինքն հերթական անգամ այդ մարդիկ պետք է ենթարկվեն ճնշման», - ասաց Խաչատրյանը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բյուջեի ակնկալվող նոր մուտքերի կապակցությամբ երեքշաբթի մտահոգություն էր հայտնել նաեւ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

«Պետք է մեզ ներկայացնեն տնտեսության զարգացման այն բնագավառները, որտեղից ակնկալվում են տվյալ մուտքերը: Եթե այդ փաստաթուղթը չլինի, իհարկե, մենք ռիսկը ավելի կմեծացնենք», - ասել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահը:

Վահագն Խաչատրյանը միանգամայն տեղին է համարում Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի մտահոգությունը:

«Շատ ճիշտ հարցադրում է անում, ինքը ուզում է ասի` ո՞ր բնագավառից ես պետք է այդ 101 միլիարդը խնդրեմ, ինձ ասեք, մենք հասկանանք, թե կարող ենք արդյո՞ք 101 միլիարդը հավաքել», - նկատեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ միանգամայն իրատեսական համարելով այդ ծրագրի իրագործումը, հայտարարել էր, թե եկամուտները պետք է ավելացվեն հարկային բազայի ընդլայնման եւ վարչարարության ուժեղացման շնորհիվ:

Վերջերս այս խնդրի առնչությամբ լրագրողների հետ զրույցում իր նկատառումներն էր փոխանցել նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նույնպես իրատեսական է համարում հարկային եկամուտների զգալի ավելացման հեռանկարը, սակայն խիստ որոշակի նախապայմանների պարագայում:

«Մենք վերջերս հանդիպում ունեցանք Հանրապետության նախագահի հետ: Օրակարգային հարցերից մեկն էլ դա էր: Մի քանի բան հնչեցրեցինք նախագահի մոտ, որը լիովին ըմբռնվեց. որ չենք կարծում, որ 101 միլիարդը շատ մեծ բեռ է` եթե հարկումն իրականացվում է ըստ ճյուղերի հավասարապես, եթե ստվերային տնտեսության աստիճանը կտրուկ է նվազում, եթե մենք «արտոնյալ» հարկային-իրավական դաշտում աշխատող գործարարների քանակը կտրուկ նվազեցնում ենք: Այդ դեպքում այդ 101 միլիարդը հնարավոր է հավաքել», - ասել էր Ղազարյանը:

«Անշուշտ, ես հասկանում եմ, թե ինչ նպատակով է կառավարությունը ցանկանում 101 միլիարդ դրամով ավելացնել բյուջեն», - ասում է Վահագն Խաչատրյանն ու բացատրում. - «Որովհետեւ 300 միլիոն դոլարով նախատեսված է ավելացնել պետական պարտքը: Համաշխարհային բանկը կամ որեւէ այլ կառույց Հայաստանի իշխանություններին ասում է` ձեզ մոտ հարկեր-ՀՆԱ հարաբերությունը կազմում է 16.8 տոկոս, որը շատ ցածր տոկոս է, մինիմում 25 տոկոս պետք է լինի, եւ ընդհանրապես մի երկիր, որտեղ արտահանման միտումներ չկան, որտեղ ստվերային տնտեսությունը մեծ է, այդ ցուցանիշի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Եվ հիմա կառավարությունը որոշել է այդ ցուցանիշը բարձրացնել` 16.8 տոկոսը դառնալու է 17.36 տոկոս»:

Խաչատրյանի խոսքով` Հայաստանն այդպիսով փորձում է միջազգային ֆինանսական կառույցներին առաջընթաց ցույց տալ` փոխարենը գումարներ ակնկալելով:

please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG