Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը Բեռնում հանդիպել է իրանցի եւ քուվեյթցի գործընկերների հետ


Բեռն կատարած աշխատանքային այցի ընթացքում երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի եւ Քուվեյթի խորհրդարանների նախագահների հետ:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ - իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխադարձ վստահության մթնոլորտում: Նրա համոզմամբ` երկու երկրների ջերմ հարաբերությունների ձեւավորմանը մեծապես նպաստում է նաեւ Հայաստանի եւ Իրանի օրենսդիր մարմինների համագործակցությունը:

Կողմերի համոզմամբ` երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաեւ տնտեսական բնագավառում:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկու խորհրդարանների նախագահները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, հայ - թուրքական հարաբերություններին, կարեւորել տարածաշրջանային կայունությունը, խաղաղությունը եւ անվտանգությունը:

Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ջասեմ Մուհամադ ալ-Խարաֆիի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է արաբական երկրների, այդ թվում նաեւ Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ ակտիվացումը։

Քուվեյթի խորհրդարանի նախագահը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթ:

Կողմերը կարեւորել են առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը` փաստելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ:

Երեկ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ եւ նրան է հանձնել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պետական պարգեւը` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալը:

Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատելու համար եւ ասել, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի Հայաստանին օգտակար լինելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG