Մատչելիության հղումներ

Հայաստանը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի խախտումների վրա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման եւ համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը դիտարկել` որպես Եվրոպայում անվտանգության եւ կայունության հիմնասյուներից մեկը եւ հավատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն: Նա, միաժամանակ, կարեւորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ոլորտում հիշյալ փաստաթղթով սահմանված պարտավորությունների կատարումը, որի խախտումն արդեն իսկ լուրջ վտանգ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար:

Ավելի վաղ Ռոուզ Գոթեմյոլերին ընդունել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման եւ համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ուշադրությունը հրավիրել էր «Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ պայմանագրով նախատեսված պարտավորությունների բացահայտ խախտման եւ պարբերաբար հնչող ուժի կիրառման սպառնալիքների վրա»:

Նույն օրը Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ։

«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, սպառազինությունների վերահսկմանը, Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագրի ապագային առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ տարբեր երկրների կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի պահանջների խախտման դեպքերին», - ասված է հանդիպման վերաբերյալ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG