Մատչելիության հղումներ

Պուտինը համոզված է, որ իր վերադարձը կայունություն կբերի


Վլադիմիր Պուտինը դաշնային երեք հեռուստալիքներին տված հարցազրույցի ժամանակ, 17 հոկտեմբեր, 2011

Վլադիմիր Պուտինը դաշնային երեք հեռուստալիքներին տված հարցազրույցի ժամանակ, 17 հոկտեմբեր, 2011

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը պատասխանել է դաշնային երեք խոշոր հեռուստակայանների հարցերին։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դաշնային երեք խոշոր հեռուստակայաններին` «Առաջին»-ին, «ՏՎ Ռոսիա»-ին եւ ՆՏՎ-ին վերջերս տված ծավալուն հարցազրույցում պարզաբանել էր նախագահական հաջորդ ընտրություններում ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրելու «Եդինայա Ռոսիա» կուսակցության որոշման դրդապատճառները:

Այս երկուշաբթի էլ Վլադիմիր Պուտինն է պատասխանել այդ նույն հեռուստակայանների ղեկավարների հարցերին։ Նա ասել է, թե համոզված է, որ իր վերադարձը կայունություն կբերի, որը հատկապես հիմա այդքան անհրաժեշտ է Ռուսաստանին։

«Երբ երկիրը դժվար կացության մեջ է, ճգնաժամ է հաղթահարում, փորձում է ոտքի կանգնել, կայունության տարրերը, հատկապես քաղաքական ասպարեզում, ծայրաստիճան կարեւոր են։ Մենք, ըստ էության, անցել ենք երկրի փլուզման ճանապարհով, Խորհրդային Միությունն է փլուզվել, ի՞նչ էր ԽՍՀՄ-ը, դա Ռուսաստանն էր, պարզապես ուրիշ անվան տակ», - ասել է Պուտինը։

«Մենք անցել ենք 1990-ականների բարդ շրջանը, հազիվ սկսել ենք ոտքի կանգնել 2000-ականներին, երկրի ներսում խաղաղություն հաստատել, կայունացնել վիճակը եւ, իհարկե, մեզ անհրաժեշտ է կայուն զարգացման շրջան», - ասել է Ռուսաստանի վարչապետը։

Պուտինն անդրադարձել է իր ընդդիմախոսների այն թեզին, թե ամեն բան երկրում այնքան վատ է, որ վատթարն այլեւս հնարավոր չէ։

«Ես կզգուշանայի պնդել, թե վատթարացումը հնարավոր չէ։ Բավական է երկու-երեք սխալ քայլ անել, որ ամեն ինչ ավերենք, եւ այնքան արագ, որ աչքներս չենք հասցնի թարթել», - ասել է Վլադիմիր Պուտինը։

59-ամյա վարչապետը ասել է, թե ինքն` ի տարբերություն ԽՍՀՄ-ի կոմունիստական ղեկավարների, ֆիզիկապես ի զորու է ղեկավարել երկիրը: Նա ասել է` ինքն իրեն ավելի գերադասում է համեմատել ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ, ով 1933-45 թվականներին 4 անգամ է պաշտոնավարել, եւ դա տեղի է ունեցել պատմական չափազանց կարեւոր ժամանակաշրջանում` Մեծ Ճգնաժամի եւ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին։

Պուտին նաեւ ասել է, թե չի երազել նախագահության մասին, սակայն երբ մի որեւէ աշխատանք է ստանձնում, ապա փորձում է «ամեն բան հասցնել տրամաբանական ավարտի կամ առնվազն առավելագույնն անել»։ Նա խոստովանել է, որ ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ 4 տարի առաջ քննարկել է Կրեմլ վերադառնալու տարբերակը։ Նա ասել է, որ չի կարելի այնպես հրամցնել, թե իբրեւ թե «տանդեմը» ժողովրդի փոխարեն արդեն ամեն ինչ որոշել է, եւ ուրիշների համար ընտրություն այլեւս չկա։

«Ասում են, որ եթե ձեր խոնարհ ծառան առաջադրվի, ապա ընտրություն չի լինի: Գուցե նրանց համար ընտրություն չի լինի, սակայն շարքային քաղաքացին միշտ ունի ընտրություն», - ասել է Պուտինը եւ ավելացրել. - «Մենք սա չենք առաջարկել իբրեւ մեր կողմից որոշված բան, բայց սա ընդամենը ներքին որոշումն է, այլ ոչ թե քաղաքացիներինը: Մենք առաջարկում ենք այս ձեւաչափը, բայց միայն մեր քաղաքացիներն են ընտրատեղամասերում վճռելու` ընդունե՞լ, թե՞ ոչ։ Ընտրություններն են ամեն բան որոշում»։

Պուտինն արձագանքել է իրեն «բազե» անվանելու արեւմտյան մեկնաբանների սովորությանը։

«Բազեն գեղեցիկ, փոքրիկ թռչուն է, ես` մարդ եմ, ես դեմ եմ որեւէ կլիշեի», - նկատել է նա։

Հարցազրույցում նա նաեւ անդրադարձել է արտաքին քաղաքականության հարցերին` հավաստիացնելով, որ Ռուսաստանը հավասարակշռված մոտեցում եւ բարիդրացիական հարաբերություններ է հաստատելու գործընկեր պետությունների հետ։ Միաժամանակ նա հստակ ու կոշտ ուղերձով է դիմել օտարերկրացի քննադատներին։

«Գիտեք ինչ, ձեր գործերով զբաղվե'ք», - ասել է Վլադիմիր Պուտինը` նայելով տեսախցիկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG