Մատչելիության հղումներ

Մասնագետները նշում են, որ երիտասարդներն ու դեռահասները սեռակրթության մասին տեղեկություններ հիմնականում տարբեր կայքերից են ստանում, որոնք միշտ չէ, որ մասնագետների կողմից են մշակված լինում:

Հոգեբաններն ու սեքսապաթոլոգները պնդում են, որ ֆիզիոլոգիական երեւույթների սխալ ընկալումը հաճախ տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանի խոսքով` սեռական կյանքի անհամատեղելիության հավանականությունն առավել մեծ է այն ամուսնական զույգերի մոտ, ովքեր երկար ժամանակ շփվել են հիմնականւոմ վիրտուալ ձեւով:

«Վիրտուալ կոնտակտները, սահմանափակելով մարդկանց միջեւ միջանձնային փոխհարաբերությունների ձեւավորումը, ամուսնությունից հետո կարող են պատճառ հանդիսանալ նաեւ սեռական կյանքում սեքսուալ աններդաշնակությունների առաջացմանն ու այլ սեքսուալ պաթոլոգիաների ձեւավորմանը», - երեշքաբթի կայացած ասուլիսում ասաց Հակոբյանը` մանրամասնելով, որ խոսքը վիրտուալ շփումների այն տեսակի մասին է, որոնց դեպքում զույգերը մինչեւ ամուսնանալը կամ շատ քիչ են կենդանի շփումներ ունենում կամ սահմանափակվում են բացառապես վիրտուալ շփումներով:

Հոգեբան Լաուրա Պետրոսյանն ասում է, որ վիրտուալ շփումները գնալով լայն տարածում են գտնում, որովհետեւ վիրտուալ աշխարհում դրանք սովորաբար առավել անկաշկանդ են լինում:

«Այսինքն ձգտում են մի տեղ, որտեղ ստանում են այն ամենը, ինչը չեն ստանում իրական կյանքում: Ուսումնասիրությունները հանգեցրել են նրան, որ այդ ոչ առողջ շփման ձեւերի հետեւանքով առաջացած սեռական բարդությունների թիվը գնալով մեծանում է» - նշեց հոգեբանը:

Սեքսապաթոլոգն ու հոգեբանը միաբերան պնդեցին, որ հայ իրականության մեջ իրոք լուրջ խնդիր է սեռական դաստիարակության հարցը: Հոգեբանի խոսքով` հայկական շատ ընտանիքներում այս հարցը պարզապես շրջանցվում է: Նույն բացը կա նաեւ դպրոցներում ու բուհերում: Հենց դա է պատճառը, որ սեռական առողջ կյանք վարելու ուղղությամբ ինտենետից ստացված հակասական տեղեկությունները հաճախ հանգեցնում են բացասական հետեւանքների: Պետրոսյանի կարծիքով` դպրոցներում սեռական դաստիարակության մասին տեղեկությունները հարկավոր է սկսել 12 տարեկանից, իսկ առհասարակ ծնողները պետք է ուշադրությամբ հետեւեն երեխայի վարքի զարգացմանը հենց ծնված օրվանից:

«Հոգեսեռական զարգացման առաջին փուլը սկսվում եւ ավարտվում է մինչեւ 5-7 տարեկանը, դա կարեւորագույն փուլ է: Այս տարիքում երեխայի մոտ զարգանում է սեռական ինքնագիտակցությունը: Այս տարիքում երեխան կարողանում է իրեն դիֆերենցել, թե որ սեռին է պատկանում, այս ուղղությամբ նկատվող շեղումները հետագայում կարող է դրսեւորվել տրանսսեքսուալիզմի ձեւով», - նշեց սեքսապաթոլոգն ու հավելեց, որ հենց այս տարիքում պետք է առավել ուշադիր լինեն երեխայի սեռական զարգացմանը:

Մի քանի ՀԿ-ներ սկսել էին մայրաքաղաքի որոշ դպրոցներում օժանդակ ձեռնարկներով սեռական դատիարակության մասին տեղեկություններ տրամադրել: Նմանօրինակ ծրագրերը, սակայն, երկար կյանք չեն ունենում, քանի որ, ըստ հոգեբանի, դպրոցների տնօրենները կարծում են, որ դա ծնողների անելիքն է:

«Սա մեր կրթական համակարգի բացթողումներից մեկն է: Բայց առհասարակ ես համաձայն, եմ որ ուսուցչից լսած ինֆորմացիան երեխան կարող է ընկալել որպես զուտ ինֆորմացիա: Ծնողից լսած ինֆորմացիայի մեջ կա հուզական ֆակտոր` ծնողի ասածը մի տեսակ ավելի արժեքավոր բան է դառնում, եթե առկա է նաեւ հուզականությունը», - վստահեցրեց Պետրոսյանը:
XS
SM
MD
LG