Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը մատնանշում է, որ Հայաստանում հարկերի հավաքման տոկոսը պետք է բարձրացվի


Համաշխարհային բանկի նոր զեկույցը արձանագրում է, որ հարկային համակարգում արդյունավետ բարեփոխումներ են անհրաժեշտ։

Համաշխարհային բանկի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի Աղքատության կրճատման եւ տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատայի խոսքով, հարկային համակարգում Հայաստանում արդյունավետ բարեփոխումներ են անհրաժեշտ` հարկերի հավաքման տոկոսը բարձրացնելու համար: Այս տարածաշրջանում հարկերի հավաքման տոկոսային ցուցանիշը ամենացածրերից է, պետք է ջանքեր ուղղվեն ստվերային տնտեսության դեմ պայքարի, ակցիզային հարկերի, հանքարդյունահանման եւ չափազանց մեծ հարկային արտոնությունների ուղղությամբ, կարծում են ՀԲ-ի «Հայաստան՝ պետական ծախսերի ուսումնասիրություն․ հարկաբյուջետային կոնսոլիդացում եւ վերականգնում» զեկույցի հեղինակները:

«Տարվա առաջին կիսամյակում երկրի կատարողականը բավականին բարձր էր` տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, ՀՆԱ-ի 4 տոկոս ցուցանիշ է գրանցվել, բարելավվել են տնտեսությանը տրվող վարկերը: Այլ երկրների նման` վերջին ճգնաժամը հաղթահարելու համար վճարված արժեքը առաջացրել է լրացուցիչ ծախսեր, ինչը սովորական պրակտիկա չէ այս երկրների համար, այդ պատճառով էլ այժմ մենք շեշտը դնում ենք առաջընթացի, դինամիկայի վրա», - այսօր Երեւանում ներկայացնելով զեկույցը՝ նշեց Իվոն Ցիկատան։

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով, զեկույցը կարեւոր է Հայաստանի համար: Իր տեսակի մեջ այն երկրորդն է, նախորդ նմանատիպ զեկույցը 2000-ականների սկզբին էր հրապարակվել ու Հայաստանում առաջացրել էր ակտիվ քննարկումներ` միաժամանակ զգալի ազդեցություն թողնելով: Այն հարցին, թե ինչո՞ւ են հարկերի հավաքման տոկոսը բարձրացնում ոչ թե ստվերային տնտեսությունից ձերբազատվելու, այլ հարկատուների համար լրացուցիչ հարկեր սահմանելու միջոցով, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ, օրինակ, ակցիզային հարկերը պետք է բարձրացվեն ապրանքի թանկացմանը զուգահեռ:

«Մենք ունենք հետեւյալ պատկերը․ մասնավորապես, հարց էր դրվում, որ ակցիզներից Հայաստանում քիչ է հավաքվում եւ այդ եկամուտը ընկնում է։ Հիմա, եթե մենք ակցիզների դրույքների վերանայում կատարենք, համապատասխանորեն այդ սպեցիֆիկ ակցիզի գինը բարձրացնենք, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դա հարկադրույքների բարձրացում է։ Ոչ։ Դա ուղղակի նշանակում է ճշգրտում տնտեսական իրականության հետ», - պարզաբանեց ֆինանսների նախարարը։

Վաչե Գաբրիելյանը հավելեց, որ հարկերի հավաքման տոկոսայնությունը կբարձրացնեն նաեւ մի շարք փոփոխություններ, բարեփոխումներ, որոնք Համաշխարհային բանկը եւ ֆինանսների նախարարությունը միասին են մշակել: Օրինակ, կփոխվի հանքարդյունաբերության հարկման ռեժիմը։ Ազգային Ժողովի հաջորդ քառօրյա մտնող եւ այս պահին քննարկվող օրենքը նախատեսում է հանքարդյունաբերման ոլորտում բարձր եկամուտներ եւ, միաժամանակ, օտարերկրյա ներդրողների խրախուսում: Սակայն հնարավոր են նաեւ ժամանակավոր ծախսեր` կապված գործարար միջավայրի բարելավման հետ: Կառավարությունը նախատեսում է գնալ ժամանակավոր զիջումների, որոնք հետագայում պետք է փոխհատուցվեն:

«Բնականաբար հարկային վարչարարության բարեփոխումները չեն կարող վտանգել հարկային եկամուտների հավաքագրումը։ Կարծում եմ, որ կարեւորը այստեղ այն համատեքստն է, որտեղ տվյալ միտքը արտահայտվել է՝ գործարար միջավայրի բարելավման համատեքստում որոշակի միջոցառումներ կարող են ժամանակային ծախս լինել կառավարության համար կոնկրետ տվյալ ժամանակահատվածի համար՝ հետագայում, բնականաբար, ավելի քան փոխհատուցելով այդ ծախսերը», - նշեց ֆինանսների նախարարը։

Այս ամռանն էլ հայտարարվեց, որ առաջիկա երկու տարիների համար Համաշխարհային բանկը նախատեսում է Հայաստանին տրամադրել 200 միլիոն դոլարի նոր վարկային փաթեթ, որը միտված կլինի տնտեսական աճի պահպանմանն ու խոցելի խմբերի կարիքները հոգալուն:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների կարծիքով, հնարավոր տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը շատ մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա, քանի որ մենք սերտ առեւտրային կապեր չունենք ճգնաժամի թիրախ Հունաստանի հետ, բանկային համակարգը նույնպես այդ երկրից կախվածություն չունի, ինչպես նաեւ արժութային տեսանկյունից` եվրոն Հայաստանում ամենագործածելի տարադրամը չէ:

«Հայաստանը խոցելիության տեսանկյունից առաջնային դիրք չի գրավում, չնայած եթե համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիք գրանցվի, ապա ոչ անմիջական ազդեցություն կլինի։ Եթե նավթի գներն իջնեն, Ռուսաստանը ենթարկվի ճգնաժամի անմիջական ազդեցության, ապա Հայաստանի տնտեսական աճի, պահանջարկի վրա դա իհարկե կազդի, բայց ներկայումս Հայաստանը ամենաառաջնային խոցելի դիրքում չէ: Վտանգն այս պահին Հայաստանում չէ, այլ այնտեղ` հարավարեւելյան Եվրոպայում», - նշեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին իր ելույթում նշել էր, որ Հայաստանի տնտեսությունը դեմ առ դեմ կանգնած է եվրագոտու ճգնաժամից առաջացած խառնաշփոթի առջեւ: Նախագահ Սերժ Սարգսյանը չէր համաձայնել հնչեցրած մտքին` ասելով, թե դեռ որեւէ մեկը չի բնորոշել, որ ճգնաժամի երկրորդ ալիքը Հայաստանում արդեն առկա է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG