Մատչելիության հղումներ

logo-print
Չնայած որ ոստիկանությունը առավել հավանական է համարում «Արայ» ընկերության սեփականատիրոջ ինքնասպանության վարկածը, սակայն քննչական մարմինները այս պահին աշխատում են տարբեր վարկածների վրա:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ոստիկանության Աբովյանի բաժնի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանը, ոստիկանությունը այժմ քննում է շուրջ 7-8 վարկած, բայց այսօրվա դրությամբ առավել հավանական է համարվում ինքնասպանության վարկածը: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական «Արայ»-ի սեփականատիրոջ սպանության վարկածը, Պետրոսյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, դրա համար կան հատուկ փորձագետներ, այդ թվում ձգաբաններ եւ մինչեւ եզրակացությունները չլինեն, ապացույցներ չունենան, չեն կարող այդ մասին խոսել:

Աբովյանի քննչական բաժանմունքի պետն ասաց` իրենք ոչինչ չեն բացառում, բայց նաեւ չեն կարող հստակ որեւէ բան հայտարարել, այս պահին չկա հստակ պատկերը, եւ փորձաքննություններից հետո այդ ամենը պարզ կլինի:

Հիշեցնենք, որ կիրակի օրը ոստիկանությունը «Արայ» ընկերության սեփականատիրոջը` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել էր նրա ավտոմեքենայում` նստած վիճակում, ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործով այս պահին որեւէ բերման ենթարկված կամ կասկածյալ չկա:

Թերթերն, այսօր անդրադառնալով «Արայ»-ի սեփականատիրոջ մահվան դեպքին, ըստ էության, հարցականի տակ են դնում ինքնասպանության վարկածը: «Ինքնասպանություն, թե՞ սպանություն» վերտառությամբ հոդվածներում մամուլը գրում է, որ շատերի մոտ կասկածներ է հարուցել Արմեն Պետրոսյանի մարմնի, ձեռքերի դիրքը: Մամուլը, մասնավորապես, գրում է, որ ինքն իր վրա կրակելու դեպքում, ձեռքը այդպես կոկիկ դրված չէր լինի ոտքերի վրա:

Թե տեղի ունեցածի վերաբերյալ որ վարկածն է առավել հավանական համարում «Արայ» ընկերությունը, առայժմ հայտնի չէ: Ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ առայժմ ձեռնպահ են մնում որեւէ մեկնաբանությունից եւ գնահատականներից` սպասելով համապատասխան մարմինների կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG