Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքով, եթե Կոմիտեին չներկայացվեն տնտեսության այն ճյուղերը, որոնցից կարելի կլինի հաջորդ տարի պետբյուջե հավաքել մոտ 101 միլիարդ դրամի ավելի հարկ ու տուրք, ապա կասկածն ու անհանգստությունը կմնան, որ Կոմիտեն կկարողանա իրականացնել այդ առաջադրանքը։

Սեպտեմբերի 29-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2012 թվականի պետբյուջեի եկամտային մասը ու նշեց, որ գալիք տարի այս տարվա համեմատ նախատեսվում է պետբյուջե հավաքել շուրջ 101 միլիարդ դրամով ավելի հարկեր, տուրքեր ու պարտադիր սոցիալական ապահովության վճարներ։ Ի պատասխան՝ նիստին մասնակցող Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր անհանգստությունը հայտնեց, թե հետճգնաժամային պայմաններում տնտեսության ո՞ր հատվածներից կոմիտեն պետք է պետբյուջե մուտքագրի լրացուցիչ 101 միլիարդ դրամ։

Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե եկամուտները պետք է ավելացվեն հարկային բազային ընդլայնման ու վարչարարության ուժեղացման շնորհիվ եւ դա միանգամայն իրատեսական, թեեւ լրջագույն խնդիր է։

«Ես ընդամենը ֆիքսել եմ, որ պետք է մեզ ներկայացնեն տնտեսության զարգացման այն բնագավառները, որտեղից ակնկալվում են տվյալ մուտքերը, որ մենք այդ փաստաթղթի շուրջ աշխատանք ծավալենք եւ շատ պատրաստ մտնենք 2012 թվական, որպեսզի իմանանք ո՞ր ճյուղերից ի՞նչ եկամուտներ ենք ակնկալում։ Եթե այդ փաստաթուղը չլինի, իհարկե, մենք ռիսկը ավելի կմեծացնենք», - երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ նշեց Գագիկ Խաչատրյանը՝ պարզաբանելով․ - «Եթե մենք չգիտենք որտեղից ինչ ենք ակնկալում, ռիսկը չի՞ մեծանում։ Ես էլ ասում եմ՝ միգուցե 100 միլիարդ պետք չէ ավելացնել, միգուցե պետք է ավելացնել 200 միլիարդ։ Որպեսզի հստակ լինի մեր դիրքորոշումը, համակարգը պատրաստ մտնի 2012 թվական, մեզ պետք է տնտեսության զարգացման կոնցեպտը»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե եթե իր ղեկավարած գերատեսչությանը չներկայացվեն, բյուջեի կատարումը կասկածի տա՞կ է մնում, Պետեկամուտների կոմիտեի նախագահը արձագանքեց՝ «բնականաբար»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG