Մատչելիության հղումներ

Պետդումայի հայազգի պատգամավորը դատապարտում է Կրեմլ վերադառնալու Պուտինի որոշումը


12-ը փետրվարի, 2008 թ. - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում
12-ը փետրվարի, 2008 թ. - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով անցած տարի զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ներկայումս ապրում է ԱՄՆ-ում, Վլադիմիր Պուտինի` Կրեմլ առաջիկա վերադարձի կապակցությամբ հոդված է գրել The Wall Street Journal-ում։

Եղիազարյանը դատապարտել է Պուտինի որոշումը եւ գրել, թե սա վկայում է այն մասին, որ նույնիսկ 20 տարի անց Ռուսաստանում պետական համակարգը, մեծ հաշվով, չի փոխվել, եւ Ռուսաստանին չի հաջողվել քաղաքացիական հասարակություն կառուցել։

«Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Չի հաջողվել կառուցել արդյունավետ պետություն, որ կծառայի ժողովրդի շահերին», - գրել է Պետդումայի հայազգի պատգամավորը։

Եղիազարյանի գնահատմամբ` այսօր Ռուսաստանում կիսաավտորիտար ռեժիմ է։ Մի կողմի` ամբողջովին ազատ է ինտերնետը, ռուսաստանցիները այսօր կարող են ազատ ճամփորդել, ինչը աննախադեպ է։ Միաժամանակ, ռուսաստանցիների 20 տոկոսը, տարբեր հարցումների համաձայն, պատրաստ են ակտիվորեն մասնակցել երկրի արդիականացմանը, սակայն չեն հավատում, որ երկիրը կարող է զարգանալ, եւ երկրում կարող են լուրջ փոփոխություններ լինել։

Եղիազարյանի կարծիքով` աշխարհի ամենամեծ երկիրը այսօր սխալ ճանապարհով է զարգանում։

«Ռուսաստանը երբեք այսչափ հարուստ եւ կոռումպացված չի եղել», - գրել է պատգամավորը։

Աշոտ Եղիազարյանը Պետդումա է ընտրվել Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով։

Իրավապահ մարմինները նրա դեմ գործ են հարուցել, 2010 թվականին նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ներկայումս Եղիազարյանը միջազգային հետախուզման մեջ է` խոշոր չափերի մեքենայություններ կատարելու մեղադրանքով։ Մոսկվայի Բասմաննի դատարանը կալանք է դրել նրա ունեցվածքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG