Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 18-ի մամուլ


«Երկրի» մեկնաբանը գրում է. - «Մոտ մեկ տարի առաջ էլ էր ստեղծվել մոտավորապես նույն իրավիճակը, երբ ԲՀԿ-ին անուղղակի պարտադրվեց ստորագրել 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կոալիցիոն հայտարարությունը: Այն ժամանակ, սակայն, նախընտրական շրջան չէր, Քոչարյանի հնարավոր վերադարձի գործոնը չկար, այսինքն` ԲՀԿ-ն չուներ լուրջ հենման կետ, ինչը մեծացնում էր նրա կախվածությունը ՀՀԿ-ից ու նախագահից: Մինչդեռ հիմա բոլորովին այլ իրավիճակ է. ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել եւ դրանով պայմանավորված` ԲՀԿ-ի նկատմամաբ քաղաքական պահանջարկը մեծացել է թե' քոչարյանական ճամբարի ուժերի, թե' ՀԱԿ-ի կողմից, որի ղեկավարը նույնիսկ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտության մասին, թե ԱԺ քաղաքական փոքրամասնությունը ներկայացնող ուժերի եւ թե' ՀՀԿ-ի մոտ: Ակնհայտ է, որ բացի վերջինից, այս բեւեռներից որ մեկի ուղղությամբ էլ ԲՀԿ-ն իր ունեցած ռեսուրսներով թեքվի, երկրում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվելու»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հանրապետականը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող նոր կոալիցիա ձեւավորել, եւ ահա թե ինչու: Հայաստանի քաղաքական դաշտում, մեծ հաշվով, երեք հիմնական խաղացողներ կան. Հայ ազգային կոնգրեսը, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Ամենածանր մղձավանջում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ Կոնգրեսը կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, իսկ եթե ԲՀԿ-ն մնա կոալիցիայի կազմում` նորը ստեղծելու անհրաժեշտություն պարզապես չի լինի: Կան, իհարկե, նաեւ դաշնակցականներն ու «Ժառանգություն»-ը, բայց ՀՅԴ-ն հաստատ կոալիցիա չի կազմի «ցյուրիխյան ուրացումի» հեղինակի հետ, «Ժառանգություն»-ը` առավել եւս»:

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ասում է. - «Մենք կարող ենք դաշինք կազմել թե ՀՅԴ-ի հետ, թե ՀԱԿ-ի, թե այլ ուժի հետ: Եթե մեր մոտեցումներն ու գաղափարներն ընդհանուր հայտարարի բերենք, որեւէ խնդիր չեմ տեսնում: Եթե վաղը Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն որոշի, որ հետ է կանչում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունը, ճանաչում է ԼՂ անկախությունը, արտահերթ ընտրություններ է պատրաստ իրականացնել, նոր Սահմանադրություն ընդունել, որը պառլամենտական կառավարում կբերի, ընդդիմությանը վերահսկողության գործառույթներ կընձեռնվեն, մարտի 1-ի սպանության բացահայտում կլինի, օլիգարխիայի վերացում, եւ ընդ որում այս ամենը պետք է իրագործվի երեք նախագահների եռանկյունուց դուրս, ապա մենք կմտածենք նաեւ նրա հետ համագործակցել, որն իհարկե անիրական է»:

Ներքաղաքական զարգացումների շուրջ աղմուկի մասին է գրում «Առավոտ»-ի խմբագիրը. - «Հիմա էլ ՀՀԿ-ն իբր ԲՀԿ-ին մի շաբաթ է տվել կողմնորոշվելու` ԱԺ ընտրություններին միայնա՞կ է մասնակցելու, թե՞ կոալիցիայով: Որտեղի՞ց պետք է առաջանար «մեկշաբաթյա վերջնագրի» գաղափարը, դժվար է ասել: Ոչ մի հետաքրքիր բան քաղաքական կյանքում տեղի չի ունենում, ահա եւ լրագրողներն ու մեկնաբանները «քարկտիկ» են խաղում գործիչների ու կուսակցությունների հետ` նրանց տարբեր խմբերի մեջ դնել-հանելով: Այդ ամենի մեղավորն, անշուշտ, ՀԱԿ-ն է, որը չի շտապում բռունցքել ժողովրդին` ընդդեմ ավազակապետության: Հույս կա, սակայն, որ նոյեմբերին ընդդիմությունը շուրջօրյա եւ անժամկետ ակցիա կսկսի` մինչեւ որ այս անտեր սահմանադրական կարգը վերականգնվի: Այդ ակցիայից հետո, հուսանք, կյանքն ավելի հետաքրքիր կդառնա: Գոնե զուգարանների խնդիրը կքննարկվի ողջ խորությամբ»:

«Հայոց աշխարհ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանին հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությունը` վիճարկելու զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող օրենքի սահմանադրականությունը»։ Պետրոսյանը պատասխանում է. - «Օրենքը որեւէ ձեւով չի հակասում սահմանադրությանը։ Ավելին, եվրոպական կառույցների պահանջն էր` ապաքրեականացնել զրպարտությունը եւ վիրավորանքը, ինչն էլ մենք արել ենք։ Այսինքն` օրենքը փոխելու որեւէ անհրաժեշտություն չկա։ Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ էության, անսկզբունքային մարդ է` ինքը արել է, ինքն էլ դիմել է Սահմանադրական դատարան օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Ստացվում է, որ այն ժամանակ ուրիշ կերպ էր մտածում, հիմա, երբ դարձել է Մարդու իրավունքների պաշտպան, այլ կերպ է մոտենում հարցին։ Չի՛ կարելի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG