Մատչելիության հղումներ

Սարկոզին նամակ է հղել Սարգսյանին եւ վստահեցրել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում, նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած պետական այցի ընթացքում իրեն ցուցաբերած «բացառիկ ընդունելության» համար:

«Իմ պետական այցից նախեւառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից», - նամակում ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նամակում Ֆրանսիայի նախագահը նաեւ վստահեցնում է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

«Վստահ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է` Ձեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին: Ձեր երկրի համար ճակատագրական պահերին, Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին, Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի եւ տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա», - գրել է Սարկոզին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG