Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Մինասյանը հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացման հնարավորություն տեսնում է


Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի իրատեսական է համարում 2012 թվականին հարկային եկամուտների ու պետտուրքերի մոտ 100 միլիարդ դրամի ավելացումը։

«Բավականին հնարավորություն կա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացման։ Կարծում եմ, որ սա մեր եկող տարվա համար բավականին լարված, բայց նաեւ իրատեսական ծրագիր է», - այսօր խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը։

2012 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է այս տարվա համեմատ 82.2 միլիարդ դրամով ավելացնել հարկային եկամուտներն ու պետական տուրքերը եւ 18․6 միլիարդ դրամով՝ պարտադիր սոցապահովության վճարները։ Ընդհանուր առմամբ, ավելացվելիք մուտքերը կազմում են շուրջ 101 միլիարդ դրամ։

Գագիկ Մինասյանը խնդրի լուծումը տեսնում է, մասնավորապես, հարկային վարչարարության բարելավման մեջ՝ հարցի համատեքստում հիշեցնելով նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջերս ներկայացրած պարզաբանումը։

«Վարչապետը, ըստ էության, ասաց, որ տարիներ շարունակ մեր դոնոր կազմակերպությունները մեզ մատնացույց են անում ներքին ռեսուրսների վրա, որոնք կան եւ այդ ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտության վրա եւ 0.6 տոկոսով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացումը հենց այդ ուղղությամբ իրականացվող քայլեր են», - նշեց ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը։

Սեպտեմբերի 29-ին կայացած կառավարության նիստին, որի ժամանակ ներկայացվում էր առաջիկա տարվա բյուջեի նախագիծը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը կասկած հայտնեց, թե կհաջողվի հավաքել ավելի քան 100 միլիարդ դրամի գումարը։

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը նշել էր, որ չնայած հավաստիացումներին, թե դրույքաչափերի փոփոխություն չի լինելու, հարկերի եւ տուրքերի լրացուցիչ 100 միլիարդ դրամի հավաքագրումը, ինչն իրականացվելու է, մասնավորապես, հարկային վարչարարության ուժեղացման միջոցով, մեծապես կավելացնի տնտեսվարողների հարկային բեռը եւ ընդհանուր առմամբ բացասաբար կանդրադառնա բիզնես միջավայրի վրա «որովհետեւ եթե այդպես չէր հանձնարարական է դրվում ցուցանիշը կատարելու ամեն գնով (ինչքան էլ մենք խոսենք, որ բարեփոխումներ են կատարվում, թափանցիկ են աշխատում), միեւնույնն է՝ կոնկրետ տարածքային հարկային տեսչությունների պետերը ոչնչի առաջ կանգ չեն առնելու այդ ցուցանիշը կատարելու համար»։

Ի դեպ, հենց հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխումներին է նվիրված եղել նաեւ հոկտեմբերի 12-ից 13-ը Թբիլիսիում տեղի ունեցած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, բնապահպանական, առեւտրային եւ տեխնոլոգիական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Գագիկ Մինասյանը, ով հանդիսանում է նաեւ վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարը, այս կապակցությամբ այսօր նշեց, թե հարցը թբիլիսյան նիստի օրակարգ է ներառվել ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների տնտեսությունների խրախուսման քաղաքականությունը ճշգրտելու նպատակով։

Հայկական կողմը, ըստ Մինասյանի, ներկայացրել է հիշյալ ոլորտում Հայաստանի կատարած աշխատանքները։

«Մասնավորապես, մաքսային համակարգի ներդաշնակեցումը, հարկային բնագավառում իրականավող բարեփոխումները, որոնք ունեն նպատակ՝ նվազեցնելու շփումները հարկային ծառայողների եւ տնտեսվարողների միջեւ», - պարզաբանեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG