Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ մեր երկրի հարաբերությունները լուրջ խթան են տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման առումով:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ իր հերթին ընդգծելով ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:

«Նախագահ Բարաք Օբաման հատկապես բարձր է գնահատում Ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, եւ մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար»,- ասել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմը առաջադրել էր այս տարվա մայիսին, ամերիկյան Սենատը նրան հաստատեց սեպտեմբերի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG