Մատչելիության հղումներ

Աշխարհի 7-միլիարդերորդ բնակիչը կծնվի հոկտեմբերի 31-ին


12 տարի առաջ հոկտեմբերի 12-ին Բոսնիայում ծնված տղան ճանաչվել է Երկիր մոլորակի 6-միլիարդերորդ բնակիչը։ Նրան այդ կարգավիճակը շնորհելու որոշումը ՄԱԿ-ն է ընդունել։ Առաջիկա երկու շաբաթում պետք է ծնվի արդեն 7-միլիարդերորդ մարդը։ Եվ այս դեպքում էլ ՄԱԿ-ն է որոշում նրա ծննդյան տեղն ու ժամկետը։

Բնականաբար, հնարավոր չէ ստույգ պնդել, թե նորածիններից ով է 7-միլիարդերորդը` դա, իհարկե, խորհրդանշական որոշում է լինելու։ Ամեն ժամ լույս աշխարհ է գալիս տասը հազար մանուկ։ Եվ առավել հաճախ դա տեղի է ունենում երկրագնդի ամենախիտ բնակեցված շրջաններում` Չինաստանում եւ Հնդկաստանում։

Գիտնականների փոխանցմամբ` մարդկության թիվը մեկ միլիարդի է հասել միայն 1804 թվականին, այն կրկնապատկվել է 123 տարի անց` 1927-ին։

Daily Telegraph-ը հաղորդում է, որ 1959 թվականին մարդկանց թիվը հասել է 3 միլիարդի, 1974-ին կազմել է 4 միլիարդ, 1987-ին ծնվել է 5-միլիարդերորդ, իսկ 1999-ին` 6-միլիարդերորդ մարդը։

ՄԱԿ-ի մասնագետները կանխատեսում են, որ մարդկության թիվը 2025-ին կհասնի 8 միլիարդի, իսկ 10-միլիարդերորդ մարդը կծնվի, ենթադրաբար, 2083 թվականին։

Այս թվերը կարող են ավելի բարձր կամ ցածր լինել, ինչը կախված է երեք հանգամանքից` ծնելիության հսկողությունից, նորածինների մահացությունից եւ կյանքի միջին տեւողությունից, որը 1950-ին կազմել է 48 տարի, իսկ այսօր` 69 տարի։

Նյու Յորքում տեղակայված «Բնակչության խորհուրդ» վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, անվանի գիտնական Ջոն Բոնգարթսը Daily Telegraph-ին ասել է, թե «հարուստ երկրները հանգիստ կարող են տնօրինել բնակիչների թվին առնչվող խնդիրները, աղքատների համար է ծանր լինելու, էներգիայի եւ պարենի գնաճը, բնապահպանական բացասական միտումները խիստ հրատապ են մոտ 900 միլիոն մարդկանց համար»։

Ենթադրվում է, որ քաղաքակրթության պատմության մեկնարկից մինչ օրս Երկիր մոլորակի վրա ապրել է 100 միլիարդ մարդ, իսկ մեր թվարկության սկզբին մարդկանց թիվը 200 միլիոն էր` այնքան, որքան այսօր ապրում է Ինդոնեզիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG