Մատչելիության հղումներ

Հայաստանում երիտասարդները մասնագիտություն ընտրելիս քիչ ուշադրություն են դարձնում աշխատաշուկայի պահանջներին:

Արդեն 4 տարի է Բրիտանական խորհուրդը «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում սեմինարներ, քննարկումներ է կազմակերպում ու Բրիտանիայից փորձագետների հրավիրում մասնագիտական կրթության զարգացման ոլորտում ուսումնասիրություններ անելու եւ ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով` Մեծ Բրիտանիայում կան գործակալություններ, որոնք աշխատում են երիտասարդների հետ եւ տրամադրում են տեղեկատվություն ու խորհրդատվություն ճիշտ մասնագիտություն ընտրելու համար: Սակայն անդրադառնալով հայաստանյան իրականությանը` Սարիբեկյանը նշում է, որ Հայաստանում մասնագիտություն ընտրում են ծնողների միջամտությամբ` տեսնելով, թե որ բուհում կամ ֆակուլտետում է դիմորդների թիվը քիչ ու որտեղ է ավելի հեշտ ընդունվել:

Երեւանի պետական մանկավարժական համալսարանը 16-18 տարեկան 120 ավագ դպրոցականների ու պատանիների շրջանում հետազոտություն է անցկացրել պարզելու համար, թե ինչպես են երիտասարդներն ընտրում մասնագիտություն: Ըստ հետազոտության արդյունքների` մասնագիտություն ընտրում են ելնելով հետաքրքրություններից ու ընդունակություններից:

«Շատ քիչ են ուշադրություն դարձնում աշխատաշուկայի պահանջին: Մի տենդենց էլ կա` սոցիալ-տնտեսական պատճառները, որովհետեւ, օրինակ, Մանկավարժական համալսարանում կան շատ ուսանողներ, ովքեր կարող էին շատ լավ բժիշկներ դառնալ, բայց, սոցիալական պայմաններից ելնելով, հայտնվել են մանկավարժականում», - ասում է Մանկավարժական համալսարանի մանկավարժության միջֆակուլտետային ամբիոնի դասախոս Արմինե Դավթյանը:

Հայաստանում այսօր շուրջ 114 հազար ուսանող սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, 31 հազարը` միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում: Փորձագետները նշում են, որ աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ հիմնականում չեն իրականացվում: «Մաքսլիբերթի»-ն զրուցեց նաեւ երիտասարդների հետ` պարզելու, թե ինչպես են ընտրել կամ ընտրում մասնագիտություն: Նրանք հիմնականում նշում էին, թե սեփական նախաձեռնությամբ են ընտրել, բայց դեմ չէին լինի փոխել մասնագիտությունը, որովհետեւ մինչեւ բուհ ընդունվելը լավ չեն պատկերացրել իրենց մանսագիտությունը:

Մասնագետների հավաստմամբ` կարիերիայի կողմնորոշումը շատ ավելի բարդ գործընթաց է, ու շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդներն իմանան տնտեսական ընդհանուր զարգացման տենդենցները, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության մեջ:

Այս խնդիրը կարգավորելու համար էլ Բրիտանական խորհուրդն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը համատեղ մշակել են «Կարիերան ավելին է, քան զուտ աշխատանք» ձեռնարկը: Ձեռնարկի հեղինակը Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գեւորգյանն է:

«Ձեռնարկը բաղկացած է 6 հիմնական մասերից: Առաջին մասում փորձել ենք տալ տեսությունը` ինչ է մասնագիտական կողմնորոշումը, ինչ մեթոդներով, ուղղություններով է իրականացվում: Անդրադարձել ենք նաեւ ծնողներ հետ աշխատանքին: Մասնագիտական կողմնորոշման հարցում շատ կարեւոր դեր ունի ոչ միայն աշխատանքը աշակերտի, երիտասարդի հետ այլեւ նրա շրջապատող միջավայրի, մասնավորապես, ծնողների հետ: Փորձել ենք մի քանի ուղղություններ ներկայացնել, թե ինչպես կարելի է ծնողի հետ աշխատել, ներկայացրել ենք նաեւ Հայաստանում իրավիճակը», - նշում է Գեւորգյանը:

Ձեռնարկում նաեւ առաջ է քաշվել Հայաստանում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծման գաղափարը: Նախաձեռնողներն այս առաջարկով ներկայացել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Արդյունքում կրթության եւ գիտության նախարարությանը հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի հայեցակարգ ամբողջ հանրապետության համար: Իրականացվել է նաեւ մասնագիտական կողմնորոշման ոլորտի մասնագետների վերապատրաստում, աշխատաժողովներ, սեմինարներ: Իսկ ձեռնարկը կտրամադրվի շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին:
XS
SM
MD
LG