Մատչելիության հղումներ

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի դիմում է ներկայացրել բնապահպանության նախարարություն` պահանջելով անհապաղ դադարեցնել փոքր ՀԷԿ-ի շինարարությունը Հայաստանի ամենաբարձր եւ ամենաջրառատ ջրվեժի տարածքում, որը բնության հատուկ պահպանվող տարածք է ճանաչվել:

Նախաձեռնության ակտիվիստ Արմեն Վերմիշյանի խոսքով` որեւէ նշանակություն չունի, թե ՀԷԿ-ը ինչ քանակությամբ է ջուր վերցնելու ջրվեժից, քանի որ բոլոր դեպքերում վնասվելու է բնության այդ հուշարձանի բնական բաղադրիչը` ջուրը:

«Մենք ներկայացրել ենք օրենքի այն կետերը, որոնք խախտվել են բնապահպանության նախարարության կողմից, մասնավորապես, [բնապահպանական] փորձաքննության կողմից, տրված են իրավական ակտերը, որոնց հիման վրա այդ խախտումները իրականցվել են: Մենք պահանջում են, որ չեղյալ հայտարարվի տվյալ փորձաքննական եզրակացությունը եւ վերանայվի այս աբսուրդ ծրագիրը», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վերմիշյանը:

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Հարություն Հարությունյանի փոխանցմամբ` նախարարության տված ջրօգտագործման թույլտվությունը նախնական է: Ինչ վերաբերում է «Ռոբշին» ընկերությանը տված ՀԷԿ կառուցելու թույլտվությանը, ապա Հարությունյանի խոսքով, դա միայն Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ավագանու որոշմամբ է եղել:

«Հիմա ստացվել է, որ մի կողմից կա բնության հատուկ պահպանվող տարածք, մյուս կողմից` գործարար, որը ունի բոլոր օրինական փաստաթղթերը եւ ուզում է շինարարությունը իրագործի: Բնապահպանության նախարարության նպատակն է չկպնել Թռչկանի ջրվեժի արժանիքներին, միեւնույն ժամանակ մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է այդ վնասները հասցնել մինիմալի», - ասաց Հարությունյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը հակադարձում է, թե առանց բնապահպանության նախարարության փորձաքննության չէր կարող տարածքում շինարարություն սկսվել:
Նախարարության պաշտոնյան ընդունում է, որ առանց փորձաքննության դա իսկապես հնարավոր չէր:

Հարությունյանի այն դիտարկմանը, որ բնապահպանները, հասարակական կառույցները պետք է վերահսկողություն իրականացնեն, թե ինչքան ջուր է բաց թողնվելու ջրվեժից, Կարինե Դանիելյանն արձագանքում է. - «Հյուսիսային պողոտայի դեպքում կառավարության որոշում կար, որ [շենքերը] պիտի Օպերայից բարձր չլինեին: Կռվել ենք, վիճել են, մամուլի ասուլիս ենք տվել, թերթերին ենք դիմել, մինչեւ 14-15 հարկ կառուցեցին: Ո՞րն է մեր վերահսկողությունը: Անհույս բան է դա»:

Կարինե Դանիելյանն ասում է, թե հավատում է, որ հիմա նախարարությունը ուզում է փրկել ջրվեժը, բայց հարց է` ինչպես:

«Հինգ այդպիսի ջրվեժ կարող ենք թվարկել, որոնցից մեկը` Շաքին արդեն կռանում է: Ուսանող ենք տանում Շաքիի ջրվեժը ցույց տալու, փող պիտի տանք, որ ՀԷԿ-ի տերը կուզենա կբացի, չի ուզենա` չի բացի: Տուրիզմ ենք զարգացնում… անհնար բան է դա այս ճանապարհով: Փոխհատուցում պիտի տրվի այդ մարդուն, կամ բարի կամք պիտի դրսեւորի եւ ջրվեժին ձեռք չտա», - ասաց Դանիելյանը:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ ակտիվիստի` Լեւոն Գալստյանի խոսքով` բնապահպանները չպետք է խաբվեն պաշտոնյաների բանավոր խոստումներով` լինի դա բնապահպանության նախարարը, թե` վարչապետը:

«Հայաստանում գրավոր օրենքներին են խախտվում, ուր մնաց բանավոր ասածի վրա հիմնվենք: Վարար սեզոնին Թռչկանում վայրկյանում մոտ 3 տոննա ջուր է հոսում, իհարկե, դրանից կարելի է 200 լիտրը թողնել Թռչկանին, մնացածը օգտագործել ՀԷԿ-ի համար: Այսօրվա փաստաթղթերով դա է, ուրիշ թիվ չկա», - հայտարարեց Գալստյանը:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը խոստանում է գտնել խնդրի լուծման ոսկե միջին տարբերակը ու միաժամանակ ավելացնում, որ կախարդական փայտիկ նախարարությունում չկա: Ի դեպ, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Հարություն Հարությունյանը ընդունում է իր գերատեսչության մեղքի բաժինը:

«Դա անկախ նախարարությունից է ստացվել, նախարարությունը այդ մտադրությունը չի ունեցել, դե, հիմա ստացվել է, որ նախարարությունը այդ թույլտվությունը տվել է, հասկացանք… հիմա նախարարության միակ նպատակն այն է, որ ձեզ հետ միասին մի ճիշտ ելք գտնենք, սխալ է եղել, ինչ է եղել, արդեն անցած էտապում է», - ասաց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG