Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այն հռչակվել է 1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Երկուշաբթի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու «Օքսֆամ» կազմակերպությունը նախաձեռնել էին «Աղքատությունը անկախության 20 տարիներից հետո» թեմայով ֆոտոցուցահանդես: Լուսանկարներում պատկերված էին հեռավոր մարզերի գյուղերում բնակվող մարդիկ, ովքեր մեծ դժվարությամբ են կարողանում պահպանել գոյությունն ու մեծացնել երեխաներին:

«2009 թվականի տվյալներով Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվում է 34.1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը` 3.6 տոկոս: Գյուղերում աղքատության մակարդակը կազմում է 37.9 տոկոս», - միջոցառման ընթացքում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան:

«Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի համոզմամբ` Հայաստանում աղքատության ամենախոսուն պատճառը մարդու իրավունքների ոտնահարումն է. աղքատությունը հետեւանք է անհավասարության:

«Իհարկե, կան նաեւ գլոբալ խնդիրներ, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը մի շարք երկրներում:
Հրատապ են կլիմայի փոփոխության խնդիրները, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում գյուղատնտեսության, տեղական արտադրանքի զարգացման վրա` պարենամթերքի սղությունը, գների աճը եւ այլն: Պետք է այնպես անել, որ տնտեսությունը համաչափ զարգանա, այդքան ակնառու չլինի գյուղի եւ քաղաքի տարբերությունը», - ասում է Հակոբյանը:
XS
SM
MD
LG