Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ավելի հավանական է համարում «Արայ»-ի տիրոջ ինքնասպանության վարկածը


Ոստիկանությունն այս պահի դրությամբ առավել հավանական է համարում «Արայ» ընկերության սեփականատիրոջ ինքնասպանության վարկածը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության Կոտայքի մարզի քրեական վարչության պետի տեղակալը:

Հիշեցնենք` կիրակի օրը ոստիկանությունը 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել էր նրա ավտոմեքենայում` նստած վիճակում, ձեռքին ատրճանակ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` կիրակի օրը ժամը 13:15 ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւան - Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված BMW X-5 մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայում, վարորդի նստելատեղին, հայտնաբերել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` ՏՏ ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:

Ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սեւ կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` ՏՏ ատրճանակի կրակված 1 պարկուճ:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասի` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», եւ 235 հոդվածի առաջին մասի` «ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը», հատկանիշներով։

Թեեւ ոստիկանությունը առավել հավանական է համարում ինքնասպանության վարկածը, սակայն առայժմ պարզ չէ, թե ինչը կարող էր 31-ամյա գործարարին դրդել նման քայլի:

Ոստիկանության փոխանցմամբ` Արմեն Պետրոսյանը ամուսնալուծված էր եւ ուներ երեխաներ:

«Արայ» ընկերությունը տեղի ունեցածի հետ կապված որեւէ մեկնաբանություն չի տալիս:

«Արայ»-ը ստեղծվել է 1988 թվականին, այն հանդիսանում է հանրահայտ LG, Toshiba, Electrolux, Zanussi, Panasonic, Vestel, Hitachi, Phillips եւ մի շարք այլ ընկերությունների պաշտոնական գործընկերը: «Արայ»-ը Հայաստանում գործող իր վաճառքի յոթ ցանցերից բացի ներկայացված է նաեւ Վրաստանում, Արաբական Էմիրություններում եւ, ինչպես ընկերության պաշտոնական կայքում է նշված, Հարավային Կորեայից մինչեւ Եվրոպա: «Արայ»-ի պաշտոնական կայքը նաեւ տեղեկացնում է, որ այժմ ընկերությունը ընդլայնում է իր գործընկերային ցանցը:

please wait

No media source currently available

0:00 0:02:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG