Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այսպես շարունակել մենք չենք կարող»


.
.

«Ժառանգություն»-ը հանրահավաք անցկացրեց Գարեգին Նժդեհի հրապարակում:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելությում անդրադաձավ երկրում տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին:

«Այսպես շարունակել մենք չենք կարող», - հայտարարեց խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցության առաջնորդը` շարունակելով. - «Մենք միասին անցած ամիս նշեցինք մեր հանրապետության 20-ամյակը, հպարտ ենք Հայաստանի Հանրապետությամբ, բայց մեր շուրջը նայում ենք եւ տեսնում ենք, որ մեր տեսությունը, ցանկությունը, դրոշակը չի համապատասխանում մեր իրականությանը»:

Նա նշեց, թե ժամանակին Հայաստանը արդյունաբերական երկիր էր, «մտքի ուժի կենտրոն էր», մինչդեռ այսօր արդյունաբերությունը ոչնչացված է. - «Ինչո՞ւ է, որ 20 տարիների ընթացքում, Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ոչնչացվեց այդ արդյունաբերական թռիչքը… Եվ թող չասեն, թե Հայաստանում փող չկա: Լիքը փող կա Հայաստանում` եթե ճիշտ կազմակերպվի բյուջեի մուտքը եւ դրա կիրառումը»:

Նրա խոսքով, ներկայումս Հայաստանը ներմուծում է մոտ 3 միլիարդ դոլարի ավելի շատ ապրանք ու ծառայություն, քան արտահանում է: Մինչդեռ կարելի է այդ 3 միլիարդ դոլարի շուկան տալ Հայաստանի արդյունաբերությանը, հայրենի բիզնեսին:

Բացի այդ, Հովհաննիսյանի համոզմամբ, այսօր երկիրը կարող է հավաքել մոտ մեկ միլիարդ դոլարի ավելի հարկ, ինչը կօգնի բարձրացնել Հայաստանում բնակվողների կենսամակարդակը:

«Սա նախընտրական ճառ չէ, սա ռոմանտիկայի ոլորտից չէ: Սա այն իրական հնարավոր քաղաքականության արդյունքն է` եթե մենք երբեւէ ունենանք մեր երկրում այն իշխանությունը, որ ընտրված է մեր ժողովրդի կողմից, որը չունի այլ շահ, քան ժողովրդի շահը, որը չի հետապնդում սեփական գրպանի, ընտանիքի, խնամիի եւ հատվածական այլ շահ», - ասաց «Ժառանգության» առաջնորդը` հավելելով. - «Բայց սրա համար ժողովուրդը ինքը պիտի պահանջի իր քվեով, հրապարակային իր պահանջով, իր մասնակցությամբ` հետ բերել իշխանությունը դեպի իրեն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաեւ բանակում շարունակվող մահացության դեպքերի, սպանությունների մասին. - «Մենք հպարտ ենք մեր բանակով ու ազնիվ զորավարներով, բայց դա բավական չէ, ու որեւէ պատճառ, պատրվակ, արդարացում չկա, որ խաղաղ պայմաններում մեկ շաբաթվա մեջ մենք ունենում ենք բազմաթիվ զոհեր: Զոհեր, որոնց ես համարում եմ իմ որդիները, իմ երեխաները… Ինչպե՞ս կարելի է մեր երկրում, հաղթանակած բանակում թույլ տալ այնպիսի վիճակ, որ խաղաղ պայմաններում երեւանցին թե գյումրեցին, վանաձորցին թե Արարատյան դաշտավայրից գնացած երեխան զոհվի… այն էլ` թշնամու կրակից հեռու: Ո՞վ է պատասխանատու… Ես կասեմ` ես եմ պատասխանատու: Բայց առաջին հերթին` գործող նախագահը, իշխանությունը ինքը պատասխան պիտի տա, թե ինչպես կարելի է մեր երկրում խաղաղ պայմաններում 20-ամյա պետության տարեդարձից հետո թույլ տալ այսպիսի զոհեր»:
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG