Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 15-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Քաղաքական դաշտում «կենացները քաղցրանում են»: Մի կողմից` ակներեւ է, որ անգամ հերթական ընտրությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսը ծանրակշիռ ներկայություն է ունենալու ապագա խորհրդարանում, եւ դա ընդդիմադիր ուժերին ստիպում է կամաց-կամաց համախմբվել Կոնգրեսի շուրջը (կամ գոնե ռեւերանսներ անել այդ ուղղությամբ), մյուս կողմից` իրավիճակը շատ ավելի լարված է իշխանական դաշտում: Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս գա կոալիցիայի կազմից, իսկապես բազմաթիվ մարդիկ կլքեն կուսակցությունը: Բայց հաստատ` մի հինգ այդքան էլ կմտնեն կուսակցություն: Ընդ որում` Սերժ Սարգսյանը ինքը շատ լավ հասկանում է սա, դրա համար էլ «առաջին դեմքերի մակարդակով» իշխող կոալիցիայում ամեն ինչ կարգին է: Մանավանդ որ Հայ ազգային կոնգրեսը «շնչում է նրանց թիկունքին»: Բայց մեզ, անկեղծ ասած, քիչ է հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում կոալիցիայի ներսում: Մեզ հետաքրքրում է, որ համաժողովրդական շարժումն ի վերջո հաղթանակի: Այլ հարց է, որ այդ առումով ներկոալիցիոն սրացումները «դրական ազդակներ» են: Նշանակում է` համաժողովրդական շարժման պոտենցիալը շարունակում է խուճապ առաջացնել իշխանական համակարգում»:

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական վակուումային իրավիճակն է ստեղծվել: Բայց դա չի արտահայտվում քաղաքական ուժերի մարգինալացմամբ: Մի քանի առանցքային ուժեր շարունակում են ակտիվություն դրսեւորել: Կոնգրեսի ձախողումը ակնհայտ դարձրեց, որ հասարակության կոնսոլիդացման նախկին մեթոդները սպառել են իրենց: Արտահերթ ընտրությունների կամ իշխանության հրաժարականի պարզունակ պահանջներն այլեւս չեն ընկալվում որպես խորքային փոփոխության հասնելու միջոցներ: Ակնհայտ է, որ խնդիր է դրված ոչ թե իշխանական համակարգը, կառավարման մեթոդոլոգիան ու մշակույթը փոխել, այլ պարզապես եղած ռեսուրսներին տիրապետելու համար ընթացող մրցավազք է սկսվել: Ու քանի որ դրանում բացակայում է հանրային շահը, հասարակությունն այդ մրցավազքին չի մասնակցել, գործիք դառնալ չի ցանկանում: Դա նշանակում է, որ Հայաստանում ոչ այնքան իշխանության, որքան կենսակերպի, քաղաքական առաջնայնությունների փոփոխության հասարակական պահանջարկ կա: Հասարակության համար այսօր ոչ մի նշանակություն չունի` այդ փոփոխությունները գործող իշխանությո՞ւնը կանի, ընդդիմադիր ուժե՞րը, թե՞ միջազգային հանրությունը»:

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Շատերը կարծում են, թե ՀԱԿ-ը տեղապտույտ ունեցավ, ոչ մի արդյունքի չհասավ՝ հրաժարվելով արտահերթ ընտրությունների մտքից: ՀԱԿ-ը նույնիսկ սպառնացել էր, որ եթե իր պահանջները չկատարվեն՝ այս ու այն քայլերի կդիմի, բայց ոչինչ էլ չարեց: Բայց կան նաեւ այլ գնահատականներ, որոնց հեղինակները հաշվի են առնում, որ քաղաքականության մեջ միաքայլ կոմբինացիաներ չեն լինում: ՀԱԿ-ի ձեռնարկները շատ ավելի բարդ, բազմաքայլ են, ունեցել են բավականին շատ, բազմաշերտ հետեւանքներ: ՀԱԿ-ը վերջին երեք տարիներին կատարած քայլերով հասավ նրան, որ դարձավ մեր ներքաղաքական դաշտի միակ լուրջ ընդդիմադիր ուժը: Պատահական չէ, որ իշխանությունը ուրիշ ոչ մի քաղաքական ուժի հետ առանձնակի բանակցություններ չի ունեցել, երկխոսության սեղանի շուրջ չի նստել: ՀԱԿ-ը կարողացավ մենաշնորհել ընդդիմադիր դաշտը»:

«Ժամանակ»-ը զրուցել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք երեկ հայտարարեցիք, որ պատրաստվում եք միանալ Հայ ազգային կոնգրեսին: Ինչո՞վ կբացատրեք Ձեր այդ որոշումը»: Պատասխան. - «ՀԱԿ-ն այսօր միակ ուժն է, որը պայքարում է անարդարության դեմ, եւ ես համարում եմ, որ ՀԱԿ-ի մեջ շատ ու շատ մարդիկ կան, իհարկե` ոչ բոլորը, բայց արդարները շատ են, ու հենց այդ պատճառով ես որոշել եմ միանալ նրանց»: Հարց. - «Դուք անընդհատ քննադատում էիք ՀԱԿ-ի գործողությունները»: Պատասխան. - «Դե, այն ժամանակ համարում էի, որ նրանց գործողությունները ձեւական են, համարում էի, որ իրական քայլեր չեն անում, եւ երբ ՀԱԿ-ը սկսեց երկխոսել իշխանության հետ, ես կարծում էի, որ դա է հենց ՀԱԿ-ի բուն նպատակը, բայց հետո տեսա, որ նրանք դրանով չբավարարվեցին, ինչն էլ նշանակում է, որ նրանք իրենց առջեւ ավելի լուրջ խնդիրներ են դրել, քանզի եթե խնդիրները լուրջ չլինեին, ապա իշխանությունները կկարողանային ՀԱԿ-ի հետ լեզու գտնել: Սրանից կարելի է կարծել, որ ՀԱԿ-ի պայքարն իրոք ավելի խորն է, եւ դա ինձ ձեռք է տալիս»:

«Հրապարակ»-ի թղթակցի դիտարկմանը, թե չնայած Սեյրան Օհանյանի մարդկային որակներին, նա թույլ ֆիգուր է համարվում` որպես պաշտպանության նախարար, պաշտպանության փոխնախարար, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը մինչեւ հոգու խորքը վիրավորված, արձագանքել է. - «Փնտրեք մի լավ շտանգիստի ու բերեք-նշանակեք պաշտպանության նախարար, թող մեծ ծանրություն բարձրացնի, օլիմպիական չեմպիոն դառնա, ասեք՝ նա ուժեղ նախարար է: Ի՞նչ է նշանակում «թույլ», Դուք կարծում եք՝ մարդ, որ կռվել է թշնամու դեմ, նրա կենսագրությունը կարա թո՞ւյլ լինի: Թույլ ասողները երեւի թուլա են, դրա համար էլ թուլի նման են խոսում, ուրիշ բան չեմ կարա ասեմ, ո՞նց կարան հերոս տղային, նա Արցախի հերոս է, պատերազմ է անցել, նա մահի աչքերի մեջ է նայել… ի՞նչ է նշանակում «թույլ», ով չաղ ա՝ էն ուժե՞ղ ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG