Մատչելիության հղումներ

logo-print

Զոհված զինծառայողների մայրերը նախագահից են պատասխան պահանջում


Զոհված զինծառայողների ծնողները եւ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց, 14 հոկտեմբեր, 2011

Զոհված զինծառայողների ծնողները եւ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց, 14 հոկտեմբեր, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ ուրբաթ օրը ցույց էին դուրս եկել տարբեր տարիներին բանակում սպանված զինվորների մայրերը:

Նախագահի նստավայրի առջեւ շարք էին կազմել 19-20 տարեկան որդիներին բանակում կորցրած մայրերը, հարազատները, նաեւ` քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պարզել էին մի քանի տասնյակ մահացած զինծառայողների լուսանկարներ: Չնայած մեծաթիվ ոստիկանների առկայությանը, որդեկորույս մայրերին հաջողվեց հատել Բաղրամյան պողոտան եւ մոտենալ նախագահի նստավայրի ճաղավանդակներին: Նրանք այնտեղից կանչում էին երկրի նախագահին, հորդորում դուրս գալ եւ պատասխան տալ իրենց, թե ինչու չեն պատժվում իրենց որդիների սպանության մեղավորները:

Զոհված զինծառայողների մայրերը պնդում էին, որ բանակում իրենց որդիներին սպանել են, մինչդեռ քննչական մարմինը պնդում է, թե նրանք ինքնասպան են եղել: Յուրաքանչյուր ծնող պատմում էր իր որդու սպանության պատմությունը, նրանք իրենց հետ բերել էին նաեւ որդիների դիակների լուսանկարները` տարբեր վնասվածքներով, բռնության հետքերով:

Տարիներ առաջ բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը` Գրետան, ցույց տալով որդու լուսանկարը, հարցում էր` երե տղան էլեկտրահարվելուց է մահացել, ապա ինչո՞ւ որդու մարմնի տարբեր մասերում բռնության հետքեր կան` կապտուկներ ձեռքերի վրա, ոտքերի տակ եւ մարմնի այլ մասերում: Մեկ այլ զինծառայողի` Վալերի Մուրադյանի մայրը` Նանան պատմում էր, որ տղան 2010 թվականին Ղարաբաղի զորամասերից մեկում ականատես է եղել վառելիքի գողությանը եւ մոր վարկածով դա պատճառ է հանդիսացել նրա սպանության համար: (Վալերի Մուրադյանին գտել էին զորամասի պտտաձողից կախված, ընդ որում տղայի հասակը 180 սմ էր, իսկ պտտաձողը 149 սմ):

«Եթե երկրի նախագահը չի ուզում որ այս գործերը բացահայտվեն, ինքը այդքան անզոր է, որ չի ուզում բացահայտվեն, թո'ղ հրաժարական տա: Հերի'ք եղավ ձեռք առնեն մեզ», - ասում էր Վալերի Մուրադյանի մայրը:

«Մարդասպաններին եք պաշտպանում, թո'ղ դուրս գան, մեզ պատասխան տան: Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է արել իմ էրեխեն, որ գազանաբար սպանել են, հոշոտել են հայոց բանակում», - ասում էր Տիգրան Օհանջյանի մայրը:

Որդեկորույս մայրերը նշում էին, որ այլեւս իրենց տղաների սպանությունները չբացահայտելու համար մեղավոր են համարում երկրի նախագահին, քանի որ եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ապա մեկ հայտարարությամբ կարող է կանխել բանակում կատարվող բռնությունները:

«Ոնց որ երեկ ֆուտբոլի մասին ելույթ էր ունենում, թող ելույթ ունենա` ասի, եթե մի զորամասից մի սպանված զինվոր բերեցին իրենց մայրերին հանձնեցին, ուրեմն զորամասի ողջ սպայական անձնակազմը ձերբակալվելու է ցմահ բանտարկության: Եթե երկրի նախագահը այդ հայտարարությունը անի ու կատարի իր խոստումը, էլ չի լինի սպանություն», - ասում էր Նանան:

Չնայած մայրերի կանչերին, նախագահը դուրս չեկավ նստավայրից: Փոխարենը ցուցարաների մեջ անսպասելիորեն հայտնվեց պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմի ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը, ով սկսեց համոզել ցուցարարներին իր հետ Ռազմական ոստիկանություն գնալ: Նրա ասելով` այնտեղ են հավաքվել բոլոր կայազորերի քննչական պետերը, ովքեր պատրաստ են լսել մահացած զինծառայողների հարազատներին: Սակայն մայրերը հրաժարվեցին` նշելով, որ իրենք պահանջում են հանդիպում երկրի նախագահի հետ, քանի որ հենց այդ նույն քննիչները ամիսներ, տարիներ շարունակ խաբել են իրենց, իսկ որդիների սպանության գործերը կոծկել: Ծնողները նաեւ հարցնում էին, թե ինչո՞ւ քննիչները որոշեցին հենց այսօր իրենց ընդունել այն բանից հետո, երբ արդեն պարզ դարձավ, որ բողոքի ակցիա է կազմակերպված նախագահի նստավայրի դիմաց:

«Եկեք կատարենք եւս մեկ քայլ, տեսնենք արդյո՞ք մենք սխալ ենք, թե ոչ, որպեսզի հասարակությանը պարզ լինի, որ ոչ մեկ չի փորձում ծածկադմփոց անել եւ արյուն մխսել», - ծնողներին համոզում էր Ղուկասյանը, սակայն ծնողները անհողդողդ մնացին;

Ղուկասյանը թեեւ առաջարկում էր եւս մեկ քայլ անել, բայց միեւնույն ժամանակ պնդում էր, որ իրենք արդեն բացահայտել են տվյալ զինծառայողների մահվան դեպքերը: Այս հայտարարությունը, սակայն, էլ ավելի վրդովվեցրեց մայրերին:

«Այս հարցը պիտի նախագահի շենքում լուծվի, թո'ղ ընդունի մեզ նախագահը: Ես չեմ հանգստանա, իմ էրեխեն չկա, իրա սպանողն էլ պիտի չլինի, վե'րջ, որ չշարունակվեն այս սպանությունները, որ էլ ոչ մի մայր իմ օրը չընկնի», - ասում էր Նանան:

Տեսնելով, որ ծնողները անդրդվելի են, պաշտպանության փոխնախարարի ներկայացուցիչը թեժ վեճից հետո հեռացավ:

Մահացած զինծառայողների ծնողներին նախագահի նստավայրում ոչ ոք չընդունեց, նրանք էլ հեռացան` խոստանալով կրկին վերադառնալ:

Իսկ մինչ այդ բանակում զոհերի թիվը աճում է. երեկ կրկին զինծառայող է սպանվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին քննչական ծառայությունից, Իջեւանի զորամասերից մեկում 21-ամյա ժամկետային զինծառայող Արամ Մելիքյանը իրենց ամրակցված ինքնաձիգը մաքրելիս, ինքն իրեն հրազենային վիրավորում է հասցրել որովայնի շրջանում եւ մահացել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Վերջին 5 օրերի ընթացքում բանակում սպանվել է արդեն 3 զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG