Մատչելիության հղումներ

Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստը


Կառավարության ընդունելությունների տանը այսօր տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը։

Նիստի սկզբում Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը ԱՊՀ ներգործնախարարների խորհրդի նախագահության լիազորությունները փոխանցեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։

Ի թիվս նիստի մասնակից ԱՊՀ անդամ 10 երկրների ներկայացուցիչների, Երեւանում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը։ ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաեւ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները։

ԱՊՀ ներգործնախարարների երեւանյան նիստին այսօր ներկա է գտնվել նաեւ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (ԻՆՏԵՐՊՈԼ) գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը։

Երեւանյան նիստի ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր։

Օրակարգը բաղկացած է 8 կետից, որոնց թվում են, մասնավորապես, ԱՊՀ մասնակից պետությունների ներգործնախարարությունների գերակա խնդիրները եւ հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ պետությունների համագործակցության հայեցակարգի եւ ԱՊՀ պետությունների իրավասու մարմինների կողմից քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հրազենի եւ զինամթերքի փոխանցման վերաբերյալ արձանագրության նախագծի քննարկումը։

Նիստին մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Այսօրվա նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ԱՊՀ երկրներում զարգանում են նոր հասարակական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հարաբերություններ, ստեղծվում է նոր օրենսդրական դաշտ: Այս ամենն ԱՊՀ մասնակից-պետությունների իրավապահ մարմինների առջեւ ստեղծում է նոր խնդիրներ՝ ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու համար», – ասել է Հայաստանի վարչապետն ու հավելել. – «ԱՊՀ երկրներում տեղի ունեցող արագ, իսկ երբեմն էլ անկանխատեսելի քաղաքական գործընթացները, տնտեսական եւ ֆինանսական բացասական երեւույթները, ինչպես նաեւ նրանց ազդեցությունն ավելի համոզիչ են դարձնում այն, որ անհրաժեշտ է ոչ միայն համաձայնեցնել գործողությունների միասնական ռազմավարությունը, այլեւ ամրապնդել միմյանց միջեւ հետագա համագործակցությունը»։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների եւ զենքի անօրինական շրջանառությունը, անօրինական միգրացիան եւ թրաֆիքինգը քաղաքական եւ տարածքային սահմաններ չեն ճանաչում:
«Այս երեւույթներն այսօր իրենցից ներկայացնում են մեծ մարտահրավերներ, իրական ուժ՝ ունակ հակադրվելու պետական ինստիտուտներին եւ հանդիսանալու լուրջ սպառնալիք պետությունների ազգային անվտանգության ապահովմանը», – նաեւ ասել է վարչապետը՝ շարունակելով. – «Հանցավորության միջազգայնացման գործընթացների եւ հանցավորության առավել վտանգավոր դրսեւորումների դեմ անհրաժեշտ է միասնական եւ արդյունավետ դիմակայություն: Վստահ եմ՝ այսօրվա նիստն ուղղված կլինի այսպիսի համագործակցության զարգացմանը»։

Ըստ ստացվող պաշտոնական հաղորդագրությունների, ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարները նաեւ իրազեկել են կոռուպցիայի հակազդման ներպետական միջոցառումների ընթացքի մասին եւ ընդգծել այդ ուղղությամբ միջպետական համագործակցության զարգացման հրատապությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG