Մատչելիության հղումներ

Սերոբ Տեր-Պողոսյանը սկսել է ցուցմունքներ տալ


Ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյան, արխիվային լուսանկար

Ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյան, արխիվային լուսանկար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության ժամանակ հինգշաբթի օրը մեղադրող կողմը հարցաքննեց ամբաստանյալին:

«Մեթըլ փրինս» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը նախաքննության ժամանակ ցուցմունք չի տվել: Նա մոտ հիսուն էջանոց ցուցմունք տվեց դատական նախորդ նիստի ժամանակ: Իսկ հինգշաբթի օրվա նիստում ամբաստանյալին առաջինը հարցեր տալու հնարավորություն ունեցել են նրա դատապաշտպանները, սակայն նրա երկու դատապաշտպաններից նիստին ներկա Տիգրան Սաֆարյանը հրաժարվել է հարցեր տալ:

ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Տեր-Պողոսյանը հերքում է, որ անչափասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

«Բայց չի հերքում, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել տուժողների հետ: Նա հերքում է, որ անչափահասների նկատմամբ բռնություն է կիրառվել», - ասաց Ամիրզադյանը:

Ամիրզադյանը նաեւ նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը նորմալ չի համարում իր կատարած արարքները. - «Իր արարքների համար ներողություն է խնդրում տուժողներից եւ զղջում է կատարածի համար»: Ըստ Ամիրզադյանի` հարցաքննության ժամանակ մեղադրյալն ասել է, որ տուժողներին իրենց կամքով են համաձայնել սեքսուալ բնույթի գործողությունների:

«Այնուամենայնիվ, բոլորը անչափահասներ են եղել, եւ դա, ըստ իր բացատրության, իբրեւ փոխադարձ ցանկությամբ է եղել», - ասաց ավագ դատախազը:

Արամ Ամիրզադյանը նաեւ հարցրել է, թե ամբաստանյալը երիտասարդ տարիներին արդյո՞ք նույնպես սեքսուալ բնույթի բռնի գործողությունների է ենթարկվել: Սերոբ Տեր-Պողոսյանը պատասխանել է, թե նման բան չի եղել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե դատարանում չապացուցվի, որ Տեր-Պողոսյանը գործողությունները բռնի են եղել, ի՞նչ պատիժ կստանա մեղադրյալը, Ամիրզադյանը պատասխանեց. - «Եթե չի ապացուցվում մի բան, բնական է, արարքը կարող է վերաորակավորվել: Բայց կոնկրետ այս գործով ես դեռ այդպիսի մտավախություն չունեմ, ես կարծում եմ, որ բռնի գործողությունների մեջ նաեւ հոգեբանական ճնշումը գերիշխող կարող է լինել, եւ այստեղ հենց այդ հանգամանքները քննարկվում են հարցերի միջոցով»:

Ըստ Ամիրզադյանի` դատաքննության սկզբից մինչ օրս առաջադրված մեղադրանքը ապացուցվում է:

«Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ մեր մեղադրանքից շեղում չկա, եւ ես կարծում եմ, որ այն հիմնավոր է: Եթե դատարանը այլ բան կորոշի, այդ ժամանակ մենք կխոսենք», - ասաց նա:

Մեղադրող կողմը դեռ չի ավարտել Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը եւ մեղադրյալին կրկին հարցեր տալու հնարավորություն կունենա հոկտեմբերի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG