Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 14-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանին հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում Արցախից «չինական պատով» տարանջատվելու Ալիեւի նախաձեռնությունը»։ Պատասխան. - «Այդ պատը կառուցելով` ադրբեջանցիները փորձում են սեւ պիառ իրականացնել հայկական կողմի դեմ, ցույց տալ աշխարհին, թե հայերը բարբարոսներ են, եւ իրենք ստիպված են պատ կառուցել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակչության անվտանգությունը` սահմանամերձ գյուղերի բնակիչներին պաշտպանեն հայ դիպուկահարների ոտնձգություններից։ Մյուս կողմից, եթե շփման գծի ողջ երկայնքով պատ է կառուցվում, նշանակում է փաստացի սահմանը գծանշվում է, եւ այդ առումով այս նախաձեռնությունը կարելի է դրական համարել։ Ի վերջո, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` ինչպես դեմարկացիայի ենթարկել իր սահմանները, եւ եթե Ադրբեջանը նպատակահարմար է համարում պատ կառուցել` իր գործն է»։

«Չորրորդ ինքնիշխանության» թղթակիցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցնում է. - «Ե՞րբ մեր բանակը հասավ այս վիճակին, ի վերջո ստեղծման առաջին տարիներին մեր բանակն այսպիսին չէր, ինչքան էլ որ այն ժամանակ ավելի դժվար էր, պատերազմ էր»: Պատասխան. - «Պարադոքսալ է, բայց պատերազմները համախմբում են ժողովրդին: Ես բացարձակապես չեմ ուզում ասել, թե ժողովրդի համախմբման համար էքստրեմալ իրավիճակներ են պետք: Բայց նման իրավիճակներում մեր ժողովուրդը իր լավագույն կողմերն է դրսեւորում: Իսկ բանակը դարձավ այսպիսին, երբ սկսեցին կեղծել ընտրությունները: Ինչքան շատ սկսեցին կեղծել, այնքան բանակում վիճակը սկսեց լարվել, անարդարությունները շատացան: Ամենամեծ անարդարությունը առանց ընտրվելու նախագահ դառնալն է, ուժի զոռով պատգամավոր ու վարչապետ դառնալը: Սա է հիմնական պատճառը: Այո, այդ տենդենցները աճել են հենց ելնելով ընտրակեղծիքներից եւ իջել են այն ժամանակ, երբ արդար ընտրություններ են եղել»:

Նույն հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է 1991-1995 թվականներին Պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ: Նա ասում է. - «Երբ պահանջում են գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, նշանակում է շատ լավ գիտակցում են, որ համար մեկ պատասխանատուն, որը մինչեւ այս պահը որեւէ միջոց չի գործադրել նման երեւույթները կանխելու համար, գերագույն գլխավոր հրամանատարն է: Այն մարդիկ էլ, որ պահանջում են Պաշտպանության նախարարի հրաժարականը, տեսնում են, որ նա էլ որեւէ քայլ չի անում այս երեւույթները կանխելու համար: Վերջին հաշվով, այս ամենը արդյունք է նաեւ կոռուպցիայի, նաեւ նրա, որ բանակը տարիներ շարունակ ներքաշեցին ներքաղաքական պրոցեսների մեջ: Հրամանատարական կազմը, որը շատ մեծ ավանդ ուներ մեր հաղթանակների մեջ, ավելի շատ զբաղված է իր անձնական խնդիրներով: Բանակ ներթափանցած թե' կրիմինալ աշխարհին յուրահատուկ դրսեւորումները, թե' կոռուպցիոն արմատացած երեւույթները հենց հոկտեմբերի 27-ին են սկսվել, երբ Ռոբերտ Քոչարյանը զինվորականությանը այլ հնարավորություն տվեց: Եվ չի կարելի թույլ տալ, որ որեւէ զինվորական կամ քաղաքական գործիչ բանակում տիրող իրավիճակի համար փորձի մեղադրել հասարակությանը, կամ հասարակության մեջ եղած արատներով փորձի արդարացնել այն, ինչ տեղի է ունենում այսօր բանակում»:

«ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանի ատոմակայանի աշխատակիցները մի քանի շաբաթ է, ինչ, այսպես ասած, անհանգիստ են եւ պահանջատեր: Ակնհայտ է նաեւ, որ առաջացած դժգոհությունները ատոմակայանի կառավարման հետեւանք են: Ըստ ամենայնի, Ռուսաստանը չի կարողանում գլուխ հանել Հայաստանի էներգետիկ համակարգից կամ, ավելի ճիշտ, չի էլ ուզում՝ համակարգը համարելով երեւի թե ոչ շահութաբեր: Բանն այն է, որ Ռուսաստանի խաղադրույքը կարող էր լինել էներգիայի արտահանումը, սակայն այդ բանն ակնհայտորեն չի ստացվում, եւ Հայաստանում արտադրված էներգիան մեծ մասամբ Հայաստանում էլ սպառվում է, ինչի արդյունքում ոլորտի շահութաբերությունն այնքան չէ, որ հնարավոր լիներ մեծ ներդրումներ կատարել կառավարման արդիականացման ուղղությամբ: Իսկ սեփական գրպանից ներդրումներ անել ռուսները, բնականաբար, չեն ուզում»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հրապարակային քաղաքականություն վերադառնալու հայտարարության վերաբերյալ պատգամավոր Համլետ Հարությունյանը (ՀՀԿ) «Իրավունք»-ի հետ զրույցում ասում է. - «Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը զուտ իր անձնական գործն է, ու ոչ մեկը իրավունք չունի, ըստ Սահմանադրության, մարդու սահմանադրական իրավունքները խախտել: Դա իր քաղաքական որոշումն է, եւ միայն ինքը կարող է այդ հարցերին մանրամասն պատասխանել: Բայց եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը տասը տարի լռելուց հետո կարողացել է վերադառնալ քաղաքական դաշտ, ապա երկրորդ նախագահն էլ լրիվ բարոյական իրավունք ունի վերադառնալու»: Հարց. - «Իսկ եթե համեմատելու լինենք` ո՞ւմ շանսերն են ավելի մեծ հրապարակային քաղաքականության մեջ, Լեւոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի»: Պատասխան. - «Իհարկե Ռոբերտ Քոչարյանի, որովհետեւ նրան կարելի է գնահատել կառավարման տարիներին ունեցած հաջողություններով: Իմ կարծիքով, Քոչարյանը ավելի շահեկան դիրքում է»:
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG