Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 19-ին թուրք թատերասերների ուշադրությանը կներկայացվի հայ լավագույն երգիծաբաններից Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» պիեսը։

Hurriyet Daily News-ի հայազգի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ռեժիսոր Էնգին Ալջանը պատահմամբ է տեղեկացել Պարոնյանի պիեսի մասին։

«Նա Պարոնյանի մասին մի հոդված է տեսել «Նեմեսիս» անունով թուրքական հանդեսում, ընթերցել, հետաքրքրվել է, սկսել է ինտերնետով տեղեկություններ հավաքել 19-րդ դարի հայ հեղինակի մասին եւ ի վերջո գտել է «Ատամնաբույժն արեւելյանի» թուրքերեն թարգմանված պիեսը, որը հրատարակել է Ստամբուլի «Արազ» հրատարակչությունը», - նշեց Վերջիհան Զիֆլիօղլուն։

Ռեժիսորը Պարոնյանի պիեսը ներկայացրել է թատրոնի ղեկավարներին, եւ այն հավանության է արժանացել։

Վերջիհան Զիֆլիօղլուի հետ զրույցներում ռեժիսոր Էնգին Ալջանը եւ թատրոնի ղեկավար Այշել Շամլօղլուն ընդունել են, որ հայերը մեծ ներդրում ունեն Թուրքիայում թատրոնի զարգացման գործում։

«Հայերն են հիմնել թուրքական թատրոնը։ Մենք պետք է իմանանք մեր անցյալը, եթե ուզում ենք արդիականացում։ Դժբախտաբար, մեր հասարակությունը հիշողություն չունի», - ասել է Շամլօղլուն։

«Մենք ընդհանուր պատմություն ենք ունեցել հարյուր տարի առաջ, եւ այդ պատմությունն է մեզ հասցրել մեր օրեր, մենք սովորել ենք գլուխներս թաղել ավազի մեջ, բայց այսպես շարունակել չի կարելի», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` նշել է ռեժիսոր Ալջանը։

Վերջիհան Զիֆլիօղլուի խոսքերով` Ալջանը եւ Շամլօղլուն ցանկանում են համատեղ ծրագրեր իրականացնել հայաստանցի գործընկերների հետ, «Ատամնաբույժն արեւելյան»-ը տանել Հայաստան, թուրք եւ հայ արվեստագետների հետ բեմադրել համատեղ ներկայացումներ։

Վերջիհանի փոխանցմամբ` սա բեկումնային իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է թուրքական պետական թատրոնում բեմադրվում հայ հեղինակի պիեսը։

Ընդ որում, դա չի լինի միանգամյա ակցիա. ըստ ռեժիսորի` «Ատամնաբույժն արեւելյան»-ը որպես մյուզիքլ կընդգրկվի Ստամբուլի քաղաքային թատրոնի 2011-12 թվականների խաղացանկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG