Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնությունն ու օրենքի նախագիծը


Խմող ամուսին, ամեն օր ծեծ ու ջարդ, խոսակցություններ, պարզաբանումներ: 20 տարի ապրել վախով, որ ամուսինդ կրկին հարբած է տուն գալու:

Հոգեբանական, ֆիզիկական ու սեռական բռնություն: Եվ այսպես 20 տարի:

«Ձեռքի տակ ընկածը նետում էր մեզ վրա ու իրեն հետաքրքիր չէր տանը երեխա կա, ով կա: Լույսն անջատում էր, դուռը փակում ու դանակ, պատառաքաղ, ինչ պատահում էր շպրտում էր, հայհոյում էր ու այդպես ամբողջ գիշեր», - նշում է Գայանեն:

Գայանեն պատմում է, որ նույնիսկ օրն էր սկսվում հայհոյանքներով ու հարվածներով, իսկ ամուսնու կողմից պատճառաբանությունը մեկն էր` խանդում էր:

Գայանեն Երեւանից չէ ու երբեմն դիմել է իրենց տարածքի ոստիկանության օգնությանը, բայց ապարդյուն, դրանից հետո գործն ավելի է բարդացել, հիմա էլ ծեծ ոստիկանությանը դիմելու համար:

«Ինքը թեթեւակի մուծումներով պրծնում էր էդ ամեն ինչից: Դիմում գրեցի, հետո գնացի հետ վերցրեցի: Ծեծից հետո դեմքիս վրա վնասվածք կար, այնպես որ բանը հասավ դատաբժշկական փորձաքննությանը: Այնտեղ ասեցին, որ ընդամենը մի թեթեւ վնսավածք ա, ոչ մի բարդ բան չկա, երեւի աչք պետք ա դուրս եկած լինի, որ իրենք ինչ-որ գործի ընթացք տան: Ու հասկանալով, որ ոչինչ դուրս չի գա, գնացի ու հետ վերցրեցի», - պատմում է Գայանեն:

Այսպիսի դեպքերը քիչ չեն, ու հենց բռնությունից զերծ պահելու ու բռնության ենթարկվածներին օգնելու համար էլ 2007 թվականին Կանանց իրավունքների կենտրոնը սկսեց մշակել ընտանեկան բռնության մասին օրինագիծն ու երկու տարի հայ եւ արտասահմանցի մասնագետների ու փորձագետների հետ սկսեց ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրներում գործող համապատասխան օրենքները: Ուսումնասիրությունների արդյունքում այսօր կենտրոնն իր ձեռքի տակ ունի 60-70 էջից բաղկացած օրենքի նախագիծ:

Կանանց իրավուքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նշում է. - «Օրենքն առաջին հերթին ներառում է, թե ինչ է ընտանեկան բռնությունը, եւ ով է բռնությունից տուժողը: Նոր համապատասխան գործողություններ պետք է լինեն տուժածի նկատմամբ: Օրենքը բռնություն կիրառողի հանդեպ պատժամիջոցներ չի նախատեսում, կիրառում է կանխարգելիչ մեթոդներ: Հնարավոր է նրան թույլ չտրվի մեկ կիլոմետրից մոտ գտնվի ընտանիքին, երեխաներին դպրոցից չվերցնի մինչեւ դատը` եթե գործը հասնում է դատարան»:

Սուսաննա Վարդանյանը նշում է, որ օրենքը նախատեսում է նաեւ հոգեբանների, իրավաբանների, ոստիկանների համար դասընթացներ ընտանեկան բռնություն թեմայով` տուժածների հետ ճիշտ աշխատանք իրականացնելու նպատակով: Ոստիկանների համար կենտրոնը նույնիսկ գիրք է թողարկել ընտանեկան բռնության մասին:

«Օրինակ Տավուշի մարզում երեք ոստիկան, ի դեմս Նոյեմբերյանի ոստիկանության պետ, Նոյեմբերյանի ոստիկանության օպերի եւ տեղամասային տեսուչի շատ վատ են վերաբերվում իրենց օգնությանը դիմած կանանց: Կանայք այնքան հազվադեպ են դիմում, բայց որ դիմում են, հաճախ առժանանում են ոստիկանների վատ, կոպիտ վերաբերմունքին», - նշում է Վարդանյանը:

2009 թվականին մշակված օրինագիծը Կանանց իրավունքի կենտրոնը երկու տարի առաջ ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց եւ երեխաների խնդիրներով զբաղվող վարչությանը եւ ցայսօր պատասխան չի ստացել:

Մայիսին Թուրքիայում ստորագրվել է կանանց ու ընտանեկան բռնության մասին նոր կոնվեցիա: Կանանց իրավունքների կենտրոնին հերթական պատասխանը եղել է հետեւյալ բացատրությունը, որ այդ կոնվենցիան պետք է թարգմանել հայերեն ու եթե այն հնարավոր լինի համապատասխանեցնել կենտրոնի մշակած օրինագծին, ապա կներկայացվի Ազգային ժողով, իսկ եթե ոչ, ապա օրինագիծը պետք է ենթարկվի փոփոխության:

Վարդանյանը նշում է, որ օրենքի բացակայության պատճառով ոլորտի շատ հարցեր մնում են չլուծված, որովհետեւ քրեական օրենսգրքի համապատասխան կետերը չեն ապահովում ընտանեկան բռնության ենթարկված կնոջ շահերը:

please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG