Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ակնկալիքներ ունեն միջնորդների առաջիկա այցից


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ վերջերս որոշակի զրույցներ են անցկացվել, Day.az ինտերնետային պարբերականին փոխանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով միջնորդների առաջիկա այցը տարածաշրջան։

Նրա խոսքերով` համանախագահները կամփոփեն Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունների արդյունքները եւ իրենց դիրքորոշմամբ կայցելեն տարածաշրջան։

«Կարծում եմ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը եւ այն, որ նրա այցի ժամանակ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր, որոշակի հույս է ներշնչում, որ գուցե համանախագահներին հաջողվի քայլ կատարել դեպի կարգավորում», - ասել է Մամեդովը։

«Այդ բանակցություններից հետո մենք ակնկալում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կոնկրետ դիրքորոշում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան` մանրամասնելով. - «Ներկայումս համանախագահները լայն քննարկումներ են անցկացնում կարգավորման սկզբունքների շուրջ։ Դրանք ընդգրկում են երեք սկզբունք, վեց տարր։ Այդ սկզբունքները բոլորի համար պարզ են, դրանք ճիշտ հերթականությամբ են կառուցված. ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշում։ Խոսելով տարրերի մասին, կարծում եմ` համանախագահները դրանց պատշաճ ուշադրություն չեն դարձրել։ Շատ կարեւոր է, որպեսզի դրանք եւս կառուցվեն ճիշտ հերթականությամբ։ Քանի որ շատ կարեւոր է` երբ եւ որ տարրը պետք է կյանքի կոչվի»։

Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ակնկալվում է մինչեւ հոկտեմբերի վերջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG